Հայաստանի Հանրապետությունում բոլոր իրադարձությունները պետք է զարգանան բացառապես ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկատմամբ անվերապահ հարգանքի ու համերաշխության պայմաններում՝ հիմքում ունենալով Սահմանադրությունն ու իրավունքի գերակայության պահանջները: Այս մասին Facebook-ի էջում
գրել է ՀՀ ՄԻՊ-ը։
«Անմիջական ժողովրդավարությունից զատ, հիմնարար նշանակություն ունի նաև ներկայացուցչական ժողովրդավարությունը, որը հռչակված է ՀՀ Սահմանադրությամբ՝ որպես հիմնարար սկզբունք ու դա պետք է իրացվի ժողովրդավարական հաստատությունների աշխատանքով:
Ուստի, անփոխարինելի է ժողովրդավարական հաստատությունների ու առաջին հերթին խորհրդարանի դերը մանավանդ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումներն արձանագրում են, որ երկրում առկա է անհանդուրժողականության բարձր մակարդակ ու լարվածություն: Սոցիալական ցանցերում շարունակվում են վիրավորանքներն ու ատելության խոսքը, տարբեր հարցերում փոխադարձ մեղադրանքները՝ առողջ կամ մասնագիտական քննարկումների գրեթե լիակատար բացակայության պայմաններում:
Սրան ավելանում է նաև տարբեր կողմերի որոշ հանրային գործիչների անթույլատրելի կերպով անհանդուրժողականությունն ավելացնող հանրային խոսքն ու ելույթները:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր ևս իրականացնելու է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կազմակերպմամբ տեղի ունենալիք հավաքների դիտարկումներ:
Խաղաղ հավաքների ազատության հիմնարար նպատակներից է ապահովել հանրային քննարկման հարթակ և բողոքի բաց արտահայտման հնարավորություն, հատկապես եթե տեղի է ունենում հանրային նշանակության այնպիսի իրադարձություն, որին հասարակությունը անհրաժեշտ է համարում հրատապ արձագանքել»,- գրել է նա և նշել, որ չպետք է որևէ պարագայում թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ: