Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Երեւանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Դաշնության խորհրդի նախագահը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանում դիտարկում են որպես ներքին և բացառապես խաղաղ ճանապարհով իրավիճակի կարգավորման հույս ունեն», – ասված է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Միրզոյանը նրան դիմել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ ձերբակալված մի քանի հայ կանանց շուտափույթ հայրենիք վերադարձին աջակցելու խնդրանքով։
«Դաշնության խորհրդի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ մարդասիրական խնդրի լուծմանը»,- նշվում է նույն հաղորդագրության մեջ:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Երևանում հերթական քաղաքական ճգնաժամը բռնկվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական Իսկանդերների մասին անզգույշ խոսքերից հետո։ Հայաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալը, ըստ ԶԼՄ-ների, ծաղրել է վարչապետին, ինչի համար պաշտոնանկ է արվել, որից հետո նրան առաջարկել են հրաժարական տալ նաեւ գլխավոր շտաբի պետին: Հինգշաբթի առավոտյան ՀՀ զինված ուժերը հանդես է եկել հայտարարությամբ, որում պահանջել է Փաշինյանի հրաժարականը։ Վարչապետը դա գնահատել է որպես հեղաշրջման փորձ և կոչ արել իր կողմնակիցներին դուրս գալ փողոց։ Մինչդեռ ընդդիմությունը բարիկադներ է կառուցել և խորհրդարանի մոտ վրանային ճամբար տեղակայել: Նրանք տրամադրված չեն իշխանության հետ բանակցելու և պահանջում են վարչապետի հրաժարականը։