Ստեղծված իրավիճակում Հայաստանը օգնության չի դիմել Ռուսաստանին: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
«Այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Հայաստանի ներքին գործն է: Հայաստանի ղեկավարությունից, իմ գործընկերոջից (Հայաստանի խորհրդարանի նախագահը) Ռուսաստանին ուղղված խնդրանքներ չեն եղել՝ ինչ-որ հարցում Հայաստանին օգնելու համար»,- ասաց նա:
Ռուսաստանը, ըստ Մատվիենկոյի, մտահոգված է Հայաստանյան իրավիճակով և շահագրգռված է դրա շուտափույթ կայունացմամբ:
«Իհարկե, մենք մտահոգությամբ ենք հետևում այս ամենին: Եվ մեզ հետաքրքրում է, որ Հայաստանում իրավիճակը հնարավորինս արագ կայունանա: Սա կարևոր է բուն Հայաստանի, հայ ժողովրդի համար, կարևոր է նաև տարածաշրջանում կայունության համար»,- ասաց Դաշնության խորհրդի նախագահը:
Վալենտինա Մատվիենկոն ասաց նաև, որ Ռուսաստանը կոչ է անում Հայաստանի ղեկավարությանը և բոլոր քաղաքական ուժերին նպաստել երկրում իրավիճակի խաղաղ կարգավորմանը՝ տեղական օրենսդրությանը համապատասխան: «Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցություններին, ուժերին, Հայաստանի ղեկավարությանը ամեն ինչ անել, որպեսզի երկրում իրադարձությունները լուծվեն խաղաղ ճանապարհով և տեղական օրենսդրությանը համապատասխան»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ փետրվարի 25-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը: Վարչապետը այս հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ և դիմեց նախագահին՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու առաջարկով:
Նախագահը չի ստորագրել վարչապետի միջնորդագիրը և առարկություններով վերադարձրել է նրան: Փաշինյանը դա երկրորդ անգամ է ուղարկել նախագահին:
Երեք օրվա ընթացքում նախագահը կամ պետք է ստորագրի փաստաթուղթը, կամ այն ուղարկի Սահմանադրական դատարան, որն իր հերթին որոշում պետք է կայացնի 10 օրվա ընթացքում: