«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն արդեն մի քանի օր է, ինչ ցանկանում է հրաժարական ներկայացնել, սակայն Նիկոլ Փաշինյանը վերջինիս թույլ չի տալիս:
Օդում կախված լուրերի համաձայն` Նիկոլ Փաշինյանի եւ ոստիկանապետ Վահե Ղազարյանի միջեւ ինչ-որ խոսակցություն է տեղի ունեցել, որից հետո ոստիկանապետ Վահե Ղազարյանը փոխել է մտադրությունը»:
«168 ժամ» թերթը գրում է. «Սեփական խոսնակի շուրթերով Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Իսկանդերի» մասին իր սկանդալային հայտարարության պատճառն այն է, որ իրեն «ճիշտ չի զեկուցվել»։
«Հայաստանի վարչապետն առկա փաստերի եւ տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»,- ասել է նրա խոսնակը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության չինովնիկները երեկ Փաշինյանի հանրահավաքին մարդկանց բերելու տարբեր «խրախուսական» միջոցների էին դիմել։ Որոշ համայնքներում գումար էին բաժանել, մյուսներում՝ խոստացել, որ «նիսյայի տետրերում» պարտքերը կզրոյացնեն։
Իսկ, օրինակ, Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի անունից որոշել էին մարտի 1-ի հանրահավաք եկողներին կերակրել՝ գյուղերից Երեւան մեկնող ավտոբուսներում քյաբաբ էին հյուրասիրում, որ մարդիկ ուրախ-զվարթ՝ քյաբաբ ուտելով գան Երեւան՝ միտինգի»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկություններով՝ Պտղնի համայնքի ղեկավար Առաքել Վիրաբյանն օրեր առաջ բռնություն է կիրառել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի որդիներից մեկի նկատմամբ: Մեր տեղեկություններով՝ միջադեպի պատճառ է եղել հենց այն հանգամանքը, որ տղան իմքայլական պատգամավորի որդին է: Մեր հարցմանն ի պատասխան՝ Քրիստինե Պողոսյանը հաստատեց, որ նման միջադեպ է եղել, սակայն այլ մանրամասներ չցանկացավ հայտնել՝ երեւույթը թողնելով առանց մեկնաբանության: Զրուցեցինք նաեւ Պտղնիի գյուղապետ Ռաֆայել Վիրաբյանի հետ, ով փորձեց հերքել, թե որեւէ միջադեպ չի եղել: «Ե՞ս եմ ծեծի ենթարկել, ես առաջին անգամ եմ լսում այդ մասին: Ոչ մի միջադեպ էլ չի եղել, առաջին անգամ եմ լսում այդ մասին Ձեզանից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 22-ին լրացել է Դիլիջանի երկարամյա համայնքապետ Արմեն Սանթրոսյանի լիազորությունների ժամկետը։ Օրենքով նա պետք է նշանակվեր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն Նիկոլ Փաշինյանի հրամանով փետրվարի 26-ին Դիլիջանի քաղաքապետի ԺՊ է նշանակվել ավագանու անդամ, իր սեռը ձեւաթղթում «արու» գրած ոմն Դավիթ Սարգսյան։ Նա, ըստ մամուլի տեղեկությունների, նախինում բենզալցակայանի աշխատակից է եղել՝ «զապռավչիկ»։
Մեզ պատմեցին, որ Սարգսյանը Հաղարծին գյուղից է, շինանյութի խանութ ունի, բայց նրա՝ քաղաքապետ նշանակվելու հիմնական արժանիքն այն է, որ նա Փաշինյանի եղբորորդու՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի մտերիմն է»։