«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրադարանում բարձրացրեց ԱԺ չկայացած խորհրդի նիստի հարցը և նկատեց, որ ԱԺ նախագահն իր պարտականությունները չի կատարում։
«Չեմ տեսնում Ձեր դերակատարումը երկրում ստեղծված ճգնաժամի լուծման համատեքստում, ի՞նչ դերակատարում ունեք ճգնաժամից դուրս գալու հարցում: Օրակարգից դուրս հարց են տալիս, բարկանում եք: Բա երրորդ պաշտոնյան եք՝ հարց են տալիս: Կա՛մ պետք է ներողություն խնդրեք ԱԺ 1/5-րդից, որ արհամարհել եք, կա՛մ էլ եթե ոչ՝ պետք է հրաժարական տաք», – նշեց Մարուքյանը:
Ի պատասխան՝ ԱԺ նախագահը խորհրդարանական ուժի ղեկավարին խորհուրդ տվեց ավելի շատ մտածել սեփական պարտականությունների կատարման մասին։
«Առաջարկում եմ անկեղծ ջանք գործադրել իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ, զերծ մնալ նման գնահատականներից: Չեմ կարծում, որ ձեր առաջարկն ուղղված էր հանգուցալուծմանը, հակառակը՝ կարծում եմ՝ մի փոքր ավելի բարդություն ավելացնելու փորձ էր ամբողջ խճանկարին»,- ընդգծեց Աժ նախագահը։
Էդմոն Մարուքյանը կրկնեց հարցը, թե ինչո՞ւ Արարատ Միրզոյանը չի ներկայացել ԱԺ խորհրդի նիստին:
Վերջինս էլ հավաստիացրեց՝ իր պարտականությունների կատարումը իրականացնում է պատշաճ, և այդ նիստին չներկայանալը նաև իր իրավունքներից մեկն է:
«Ես գուցե առողջական, գուցե քաղաքական, գուցե այլ նկատառումներից ելնելով՝ այդ օրը նիստին չեմ մասնակցել: Դուք կարող եք հարցը հնչեցնել, բայց չեք կարող պնդել, որ դա իմ պարտականությունն է»,-ասաց Միրզոյանը։