ԶՈւ-ի ԳՇ-ի հայտարարությունն ինքնին անօրինական է: Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսքը հիմնավորելով նրանով, որ բանակն իրավունք չունի ներխուժել քաղաքական դաշտ, անել քաղաքական հայտարարություններ:
«Բանակ-իշխանություն խնդիր չկա, կա խնդիր բանակի վերնախավի մեկ-երկու-երեք ներկայացուցչի հետ»,- ասաց Սիմոնյանը, բայց չմեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունն այն մասին, որ ԳՇ հայտարարությունը Սերժ Սարգսյանի ուղիղ հրահանգի արդյունք է, նա դա թողեց գործող անձանց՝ Գասպարյանին, Սարգսյանին ու Փաշինյանին:
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը «քաղաքական առումով շատ լավն է որակում ԳՇ-ի երեկ արված հայտարարությունը», որտեղ ասված է, որ Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։
Հիշեցնենք, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը սրվեց փետրվարի 25-ին, այն բանից հետո, երբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը: Վարչապետը այս հայտարարությունը համարեց որպես ռազմական հեղաշրջման փորձ: