ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է կարգավորել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և «Սնանկության մասին» օրենքով սահմանված վարույթների հարաբերակցությունը:
«Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում մենք հիմնականում կենտրոնացել ենք «Սնանկության մասին» օրենքում որոշակի հարաբերությունների կարգավորման հստակեցմանը, որը բխում էր պրակտիկայից: Այսինքն՝ առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը կոնցեպտուալ առումով փոփոխություններ չի կրել»,- ներկայացրեց նախագծի հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Հիշեցնենք, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քննելու համար ենթամասնագիտացված դատարաններ, որոնք կլուծեն նաև դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը: