«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել իր որոշումներում, որը հնարավորություն կտա պարտադիր զինվորական ծառայությունից ազատել զորակոչային տարիքի՝ 18-27 տարեկան օտարերկրացիներին՝ անկախ ազգությունից, որոնք կստանան ՀՀ քաղաքացիություն և հանդես կգան ՀՀ հավաքական թիմերում: Շատ հաճախ օտարերկրացիները, այդ թվում՝ ազգությամբ հայեր, հրաժարվում էին ՀՀ քաղաքացիություն ստանալ և ընդգրկվել ՀՀ հավաքական թիմերում, քանի որ քաղաքացիություն ստանալը ենթադրում էր նաև զինվորական ծառայություն»:
«Հրապարակ» թերթը գրում է. Օնիկ Գասպարյանը՝ Փաշինյանի Սյունիք մեկնելուց առաջ՝ դեկտեմբերի 19-ին, այցելել է Սյունիք, որպեսզի կազմակերպի, որ դեկտեմբերի 21-ին կատարվելիք վարչապետի այցը չխոչընդոտեն։ Նախօրեին արդեն հայտնի էր, որ սյունեցիները Փաշինյանին չեն թողնելու մարզ մտնել, ուստի այդ հարցը միայն ուժայինները կարող էին կարգավորել։ Այս լուրը Սերժ Սարգսյանի զարմանքն է հարուցում, որ այդ ցածր առաքելությունը ստանձնել է ԳՇ պետը։ Երբ Գասպարյանին փոխանցում են Սերժ Սարգսյանի զարմանքը, նա այնքան է վրդովվում, որ ուղիղ կապով զանգում է Սերժ Սարգսյանին եւ զայրացած ասում՝ ես դրա այցի հետ կապ չունեմ, ես ո՞նց կարող եմ նման բանով զբաղվել։ Եվ այնքան է զայրացած լինում, որ անգամ հայհոյում է Փաշինյանին, թե՝ ես դրա կամակատարը չեմ։ Ահա, այս խոսակցությունն է ձայնագրել ԱԱԾ-ն, որն ուզում են հրապարակել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի լարված հարաբերությունների մասին խոսակցությունները չեն դադարում, դրան զուգահեռ էլ, նկատենք, Մարությանը վերջերս քաղաքապետարանում աշխատանքի է ընդունել վարչապետի կողմից աշխատանքից ազատված անձի: Խոսքն աշխատակազմի քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արա Գաբրիելյանի մասին է, որը եղել է ՊԵԿ փոխնախագահ եւ ազատվել է աշխատանքից Նիկոլ Փաշինյանի հրամանով: Նկատենք, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում բացակայում է Գաբրիելյանի մասին տեղեկությունը, չկա անգամ լուսանկար»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» եւ իշխանության օրենսդիրները ԳՇ հայտնի հայտարարությունից հետո 24-ժամյա ռեժիմով աշխատել են գտնել այն բանաձեւը, որով ԱԺ-ն սահմանադրական փոփոխություններ կիրականացնի, եւ կվերադառնան բանակի ուղղաձիգ կառավարման մոդելին, երբ ԳՇ-ն ենթարկվում էր Պնախարարին, սակայն Սահմանադրության՝ զինված ուժերի վերաբերյալ գլխում փոփոխությունների միակ ճանապարհը հանրաքվեն է, ինչից հետո Նիկոլ Փաշինյանն անցել է իր սիրած զբաղմունքին՝ հիվանդատես գնալու անվան տակ նախագահ Արմեն Սարգսյանին շանտաժի ենթարկելուն։ Թե ինչով է այս անգամ փակել նախագահի բերանը, դեռեւս հայտնի չէ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները, նպատակ ունենալով փոխել ՀՀ Սահմանադրությունը, ամեն ինչ անում են, որպեսզի խորհրդարանում կարողանան քվեարկություն ապահովել: Բանն այն է, որ խորհրդարանը պետք է 88 կողմ ձայնով քվեարկի սահմանադրական փոփոխություններին, որի համար իշխանականները, այս օրերից սկսած, որոշել են խորհրդարանի անկախ պատգամավորների հետ լեզու գտնել, լավ հարաբերություններ փորձել ստեղծել: Երեկ մեր թղթակիցը նկատել է, որ, կարծես թե, այդ գործին լծել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արման Բոշյանին»: