«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը խորհրդարանում հիշեցրեց վերջերս համացանցում տարածված եռակողմ հայտարարության մասին, որում, պատգամավորի խոսքով, սահմանվում էր հարաբերությունների կարգավորում, ինչը ներառում էր ՀՀ սահմանային հարցեր, Արցախի տարածքների հետ կապված հարաբերություններ, զորքերի տեղաշարժի վերաբերյալ հարցեր:
Իսկ Կապան քաղաքն այդ հայտարարության մեջ թուրքերեն տարբերակով՝ «Կաֆան» էր գրված՝ նշումով, որ հայերն առարկություն են ներկայացրել անվան հետ կապված:
ԼՀԿ պատգամավորը կառավարության անդամներից հետաքրքրվեց՝ ստորագրվե՞լ է նման փաստաթուղթ։
Ավինյանը պատասխանեց, որ 2020թ. դեկտմեբրի 19-ի ՊՆ-ի հայտարարության համաձայն ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։
Փոխվարչապետը վրդովվեց, որ անընդհատ նույն թեման է քննարկվում։
Սիմոնյանը նշեց, որ այդ փաստաթուղթը կարող էր կիրառվել միայն ԱԺ-ի կողմից վավերացման արդյունքում, եթե դա չի արվել, եղել է իշխանության յուրացում.
«Եթե ստորագրվել է, դուք այնպիսի իրավիճակի մեջ եք դնում ապագա սերունդներին, որ այն ստորագրողներին կամ պետք է դատել որպես հանցագործ կամ հեռացնել որպես ոչ գործունակ անձնավորություն, ինչից հետո մենք պետք է կարողանանք դուրս գալ այդ ստորագրության տակից»,- ասաց Սիմոնյանը։
Ավինյանն էլ արձագանքեց․ «Վստահեցնում եմ, որ Ձեզ որևէ բանի տակից պետք չի լինելու դուրս գալ՝ ո՛չ իրավաբանորեն, ո՛չ էլ որևէ այլ կերպ: Վստահենցում եմ, որ տվյալ հարցի հետ կապված որևէ իրավական խնդիր չկա և չի լինելու»: