Ես արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկություն եմ արել, և եթե մեր խորհրդարանական ընդդիմության գործընկերներն ընդունեն առաջարկը, կունենանք ընտրություններ համաձայնեցված ժամկետներում: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ընտրությունները դիտում ենք որպես հանրային համերաշխությունը վերականգնելու միջոց՝ ժողովրդին արտահայտվելու հնարավորություն տալու համար, որ ոչ միայն արտահայտվելու հնարավորություն ունենան իշխանության և ընդդիմության հանրահավաքներին գնացող մարդիկ, այլև բոլորը՝ ընտրատեղամաս գնալով և իրենց կամքը արտահայտելով»,-շեշտեց վարչապետը՝ հավելելով, որ Կառավարությունը և քաղաքական ուժերը պետք է երաշխավորեն, որ ազատ և արդար ընտրություններ կանցկացվեն։
Կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ արդեն հրավեր է ուղարկել խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին և պլանավորել է առաջիկա օրերին հանդիպել նրանց հետ: Վարչապետը հույս հայտնեց, որ այս հարցով համաձայնություն ձեռք կբերեն։
Գործադիրի ղեկավարը խոսեց նաև հնարավոր սահմանադրական փոփոխությունների՝ մասնավորապես, կիսանախաագական կառավարման համակարգին անցնելու մասին: Նա նշեց, որ դրանք նույնպես պետք է համաձայնեցված անցկացվեն:
«Եթե հանրային քննարկման արդյունքում մեծամասնության համար ընդունելի կլինի, որ կիսանախագահական կառավարման համակարգն ավելի էֆեկտիվ է, ուրեմն այդպես կանենք: Քննարկումների դաշտը պետք է միշտ բաց պահել»,- նշեց վարչապետը։
Հիշեցնենք, որ հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ աշնանը հնարավոր է Սահմանադրական փոփոխություններ լինեն, որով անցում կկատարվի կառավարման կիսանախագահական համակարգի։