«Հրապարակ»-ը թերթը գրում է.
«ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ իմքայլականների երեկվա արշավը, ըստ որոշ տեղեկությունների, կազմակերպել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի հրամանատարությամբ։ Նախօրեին, երբ հայտնի է դարձել, որ Վարդազարյանն է ներկայացնելու վճռաբեկ դատարանի թափուր պաշտոնների թեկնածուներին, Փաշինյանը աներձագի՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի միջոցով կազմակերպել է Վարդազարյանին «պատերին ծեփելու, ասֆալտին փռելու» օպերացիան»։
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կառավարությունը դեմ է, որ անկախ պատգամավորները կարողանան խումբ կազմել։ Նշենք, որ անկախ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Տիգրան Ուրիխանյանը նախագիծ էին ներկայացրել, որով առաջարկում էին փոփոխություն կատարել ԱԺ սահմանադրական օրենքում և սահմանել, որ խմբակցություններից դուրս եկած պատգամավորները կարող են իրար հետ խումբ կազմել։ Եվ, ահա, այս հարցով կառավարության վաղվա նիստում ընդգրկված է նրանց եզրակացությունը, որով ցանկանում են պատգամավորների առաջարկած հոդվածները թողնել անփոփոխ։
«Փաստ» թերթը գրում է.
«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում իշխանությունը հընթացս քննարկում է ԳՇ պետի հավանական թեկնածուների հարցը։ Առաջին թեկնածուն Անդրանիկ Մակարյանն էր, սակայն, նրա վրա եղած կոմպրոմատներով, ճնշումներով առավելագույնը իշխանությունը կարողացել է հասնել ԳՇ հայտարարությանը չմիանալուն, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջինս նշել է, թե բարոյական չի համարում Օնիկ Գասպարյանից հետո այդ պաշտոնը ստանձնել։ Ավելին, հասկացրել է, որ թեմայի հանգուցալուծումից հետո հեռանալու է։ Երկրորդ թեկնածուն ներկայումս ՊՆ վերահսկողության ծառայության պետ Ջալալ Հարությունյանն է, սակայն նա էլ դեռ վերջնական չի կողմնորոշվել, թե ինչպես շարժվի ստեղծված իրավիճակում, իսկ առողջական խնդիրները դեռ հնարավորություն չեն տալիս լիարժեք ներգրավվել ծառայությունում»։
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ պետք է տեղի ունենար Նիկոլ Փաշինյանի և ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հանդիպումը, որի մասին մեկ օր առաջ հայտնել էր անձամբ Մարուքյանը՝ ասելով, թե վարչապետ Փաշինյանը զանգել, իրեն հրավիրել է՝ քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը։ Սակայն տեղեկացանք, որ երեկ հանդիպումը չի կայացել։ ԼՀԿ-ից ոչ պաշտոնապես հայտնել են, թե Փաշինյանի առաջարկած ժամը հարմար չի եղել Մարուքյանին, ամենայն հավանականությամբ, այսօր կամ վաղը կհանդիպեն»:
Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում։