Մենք դեռ շարունակելու ենք ունենալ համակարգից հեռացող դատավորներ։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը:
Նա նկատեց՝ երեկ նիստի ժամանակ դատավորներին դասակարգեցին, ինչն, ըստ նրա, կազդի, որ մարդիկ չմտածեն դատավոր դառնալու մասին։
Վճռաբեկ դատարանի դատավորի կարծիքով, սակայն, բոլորը պետք է հոգ տանեն դատավորի անկախության և իրավունքի վերաբերյալ։ Այս վերաբերմունքն էլ, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի համոզմամբ, իր դրական հետևանքները կունենա։
«Փաստաբաններն այսօր չեն ցանկանում դատավոր դառնալ: Ինչո՞ւ: Մենք պետք է մեծարենք դատավորին, ոչ թե անուն-ազգանունը, այլ անկախ դատարան ունենալու մեր իրավունքը: Դուք Դատական օրենսգրքով տվել եք հստակ նկարագիր, թե ով է դատավորը: Ինչքան մեծարենք դատավորին, այնքան դատավորները ինքնամաքրման գործընթացների մեջ ավելի շուտ կմտնեն և դուրս կգան պաշտպանական շապիկից, որը գոյություն ունի»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնի համար առաջադրվել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: Սակայն, թեկնածուներից Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։