ՏԿԵՆ կողմից ներկայացված նախագծի համաձայն՝ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Տավուշի մարզպետարանին 234 միլիոն 228 հազար դրամ տրամադրելու հարցին: Այդ գումարից Բերդի համայնքի Չինարի գյուղում բնակելի տան օժանդակ շինությունների կառուցման ու բարելավման աշխատանքների համար 29,7 միլիոն, Ներքին Կարմիրաղբյուրում «Մայրիկ» մանկական պուրակի կառուցման աշխատանքների համար 42,8 միլիոն և 89 տների կառուցման համար 161, 6 միլիոն դրամ կհատկացվի:
«Սեպտեմբերին մեր այցից հետո սկսել են նախագծման աշխատանքները: Սակայն, հայտնի իրադարձությունների պատճառով մենք հոկտեմբերին չենք կարողացել միջոցներ տրամադրել: Նախարարությունը Քաղաքաշինության կոմիտեի հետ բոլոր հարցերը շտկել է: Գումարը տրամադրվելուն պես աշխատանքները կշարունակվեն»,- ասաց նախարար Պապիկյանը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հաստատեց, որ աշխատանքերը կավարտվեն մինչև տարվա վերջ: Շուռնուխի մասին ևս խոսվեց:
«Շուռնուխի բնակելի տների նախագծերը կավարտենք մինչև մարտի վերջ, ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտված են։ Շինարարությունն ընթանում է, հիմա իրականացվում են պայմանագրերի կնքման աշխատանքները, այսօր էլ նորից խոսել եմ շինարարի հետ։ Կմեկնենք տարածք, ավելի կակտիվացնենք, որպեսզի մինչև տարվա վերջ հանձնարարությունները կատարվեն»,- ասաց Ղուլարյանը։