Վայոց ձորի փոխմարզպետ, գնդապետ Արայիկ Մուրադյանը հանդես է եկել հրաժարական ներկայացնելու հայտարարությամբ, որի մեջ ասված է․
«Հարգելի հայրենակիցներ,
Այսօր մեր հայրենիքի առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած, և ազգովի համախմբվելու, սխալները գիտակցելու, առկա խնդիրները լուծելու ու առաջ շարժվելու փոխարեն, մեր երկրի իշխանությունները զբաղված են ջրբաժաններ կառուցելով՝ այս օրհասական պահին «իմ և քո»-ի մեթոդաբանությամբ ժողովրդին պառակտելով։
Ես՝ որպես բանակի ձևավորման ակունքներում կանգնած զինվորական, ողջ կյանքս նվիրել եմ հայրենիքիս պաշտպանության և հզորացման գործին՝ նախ որպես ազատամարտիկ, այնուհետև ՀՀ Զինված ուժերի սպա՝ հպարտորեն կրելով այդ պատվավոր կոչումը։
Մասնակից լինելով պետականաշինության գործին, անընդունելի համարելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հրաժարվում եմ Վայոց ձորի մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման ղեկավարի (հրամանատարի) պաշտոնից և, որպես արժանապատիվ սպա, հայտարարում եմ, որ միանում եմ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությանն ու իմ զորակցությունը հայտնում ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին։
Իմ զինակից ընկերներին, Հայոց բանակի զինծառայողներին հորդորում եմ ամուր պահել մեր հայրենի սահմանները, չկորցնել զգոնությունը և ամենայն պատասխանատվությամբ կատարել իրենց գործը»։