Արցախյան երկրորդ պատերազմում պարտվելու պատճառներից մեկը գործող իշխանության մշտական հարձակումներն էին բանակի վրա։ Այս մասին այսօր ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ունեցած ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Վերջին երեք տարիների ընթացքում բանակի, գեներալների վրա հարձակումները պարբերաբար կրկնվում են։ Սա պատերազմի պարտության պատճառներից մեկն է։ Իշխանությունը պետք է լինի կանխատեսելի, հասկանալի», -ասել Քոչարյանը՝ հավելելով, որ նման պայմաններում անհնար է կառավարել երկիրը։
«Լուրջ հիմքեր կան կասկածելու, որ 44-օրյա Արցախյան պատերազմում պարտությունը նախապես ծրագրված էր։ Նորմալ չէ, երբ իշխանությունը չի կարող որևէ մտացածին բացատրություն տալ, թե ինչ է տեղի ունեցել»,-ընդգծել է Ռ․ Քոչարյանը։
«Օրինակ՝ ինչո՞ւ պատերազմի երրորդ օրը կանգնեցվեց համընդհանուր մոբիլիզացիան, որը ենթադրում էր զինված ուժերի համալրում։ Վարչապետն ինչո՞ւ չընդունեց Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ արդեն պատերազմի չորրորդ օրն իմանալով, որ մենք պարտվելու ենք»-նշեել է ՀՀ երկրորդ նախագահը։
Նա շեշտել է նաև, որ վերոնշյալները հանցագործության մասին հաղորդումներ են, որոնցով պարտավոր են զբաղվել քննչական մարմինները։