«Իմ քայլը» խմբակցությունն այսօր Վճռաբեկ դատարանի դատավոր չի ընտրելու։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ շեշտելով, որ սա ոչ թե դիրքորոշում է թեկնածուների նկատմամբ, այլ Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի գործունեության և հայտարարությունների վերաբերյալ:
«Հասել ենք նրան, որ քրեական ենթամշակույթին առնչվող անձինք միջնորդավորված կապ են հաստատում ԱԺ պատգամավորների հետ՝ ի պաշտպանություն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի»,-նկատեց Մակունցը:
Ըստ իշխանական խմբակցության ղեկավարի՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն անհարգալից վերաբերմունք է ցույց տվել լեգիտիմ խորհրդարանի նկատմամբ։
Մակունցի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունն այս օերերին կենտրոնացել էր այն բանի վրա, որ հանրությանը հասկանալի դարձներ նոյեմբերի 15-ին ԲԴԽ նախագահի արած հայտարարությունը:
«Ցավոք, ԲԴԽ նախագահի պարզաբանումները ոչ միայն բավարար ու սպառիչ չէին, այլև վերահաստատեցին մեր մտահոգությունները, որ պարոն Վարդազարյանի հայտարարությունը կանխամտածված էր և քաղաքական բնույթ ուներ: Լինելով մի մարմնի անդամ, որն ըստ Սահմանադրության, պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը, պարոն Վարդազարյանն իր գործունեությամբ որևէ կերպ չի նպաստել դատական իշխանության անկախությանը և քաղաքական զսպվածությանը»,-ընդգծեց նա։
Լիլիթ Մակունցը հիշեցրեց նաև, որ ԲԴԽ գործող նախագահը չի առաջադրվել «Իմ քայլը» խմբակցության կողմից, որովհետև դատավորներն առաջադրվում են դատական իշխանության կողմից, և նրան ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։ Առաջադրվել են երեք թեկնածուներ՝ Սամվել Գրիգորյանը, Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը։ Նրանցից Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։
Հիշեցնենք նաև, որ դեռ անցյալ տարվա վերջին Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կոչով դիմել էր դատավորներին՝ առաջնորդվել Սահմանադրությամբ և օրենքներով, ու հավելել էր՝ «այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։