Եթե երկիրը վտանգի մեջ է, բանակը ոտքի վրա պիտի լինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում Եռաբլուրի պանթեոնում ասաց Ազգային ժողովի նախկին նախագահ, հանրապետական Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ԶՈւ ԳՇ հայտարարությունը:
Սահակյանն այդ հայտարարության մեջ ռազմական հեղաշրջման փորձ չի տեսնում, սա, նրա կարծիքով, ուղղակի հայտարարություն է, իսկ լրագրողի հարցին, թե ինչո՞ւ 2008 թվականին գործից ազատեցին այն պաշտոնյաներին, որոնք հակաիշխանական հայտարարություն էին արել, իսկ հիմա դեմ են, Սահակյանն ասաց. «Հիմա մենք մեր երկիրն ենք տալիս, իսկ Հայաստանը պետք է Հայաստան մնա»:
«Բաղրամյան պողոտայում երբեք չեմ եղել ու չեմ էլ կարծում, թե պարտադիր է իմ՝ այնտեղ լինելը: Իմ փոխարեն շատ մարդիկ են գալիս»,- ասաց Սահակյանը:
Վերջինս նաև հիշեց 2018-ի դեպքերը՝ ասելով, որ ՀՀԿ-ն այդ քայլին գնաց, որպեսզի երկիրը չկորցնի կայունությունը՝ թե՚ արտաքին, թե՚ ներքին քաղաքականության մեջ: Այսօր արդեն արտահերթ ընտրությունների անցկացմանը կասկածանքով է վերաբերում:
«Եթե, այսպես կոչված, վարչապետը մասնակցի ընտրություններին, ապա մենք չենք մասնակցելու»,- ասաց Գալուստ Սահակյանը: