«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԶՈՒ ԳՇ կողմից արված հայտարարությունից հետո ՀՀ-ում քաղաքական մթնոլորտը շարունակում է մնալ լարված։ Մենք թերթի նախորդ համարներում տեղեկացրել էինք, որ ներհայաստանյան զարգացումների հետ կապված՝ անհանգիստ մթնոլորտ է տիրում նաև դիվկորպուսում: Մասնավորաբար, մեր աղբյուրները փոխանցել էին, որ դիվկորպուսի ներկայացուցիչների մեծ մասի համբերության բաժակը լցվել է: Նախատեսվում էր, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով են հանդես գալու մի շարք դիվանագետներ, այդ թվում՝ դեսպաններ։ Սակայն իշխանություններին առժամանակ հաջողվել է կանխել այդ «դեմարշը»: Թեմայի հետ կապված «Փաստ» թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեխաներին մանկապարտեզ ընդունելու հարցն իսկական գլխացավանք է դարձել ծնողների համար. մեկ տարուց ավելի է, ինչ մանկապարտեզներում երեխաների ընդունելություն չի կազմակերպվում: Վարչական շրջանների աշխատակազմերը լարված և շունչները պահած սպասում են, թե երբ պետք է քաղաքապետ Հայկ Մարությանը բարեհաճի ներկայանալ աշխատանքի եւ ստորագրի մանկապարտեզ հավելյալ ընդունելություն կազմակերպելու վերաբերյալ որոշումը: Ասել է թե՝ փաստաթուղթը քաղաքապետի սեղանին է, բայց նա տեղում չի լինում, որ ստորագրի»:
«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում, ի թիվս բազմաթիվ կարեւոր երեւույթների դեֆիցիտի, կա համարժեքության կամ ադեկվատության դեֆիցիտ, որն ամենաշատն արտահայտվում է իշխանության գործողություններում։ Երկրում առկա է լրջագույն քաղաքական ճգնաժամ, չի մնացել որեւէ կարեւոր ինստիտուտ, որը չպահանջի կառավարության ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ի պատասխան, իշխանությունը ոչ թե փորձում է իրավիճակին համարժեք քայլեր կատարել, այլ վարչական ռեսուրսի բռնի կիրառմամբ ցուցադրական հանրահավաք է անում Հանրապետության հրապարակում, հաջորդ օրն էլ քաղաքացիներին ցույց է տալիս հատուկ ծառայությունների բոլոր դիմակավորված ծառայողներին ու դիպուկահարներին։ Սա անհամարժեքության ցցուն, բայց ամենեւին ոչ եզակի դրսեւորում է»։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Հայրենիքի փրկության շարժման ղեկավար կազմում անվստահությունը խորանում է։ Թեեւ Ծառուկյանը դեռ համաձայնություն չի տվել` ընդունո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանի հրավերը՝ քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը։ Այս մասին երեկ տեղեկացրին ԲՀԿ-ական պատգամավորները։ Սակայն Ծառուկյանի ընդդիմադիր գործընկերները կարծում են, որ ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո պետք է կատեգորիկ եւ միանշանակ մերժել Փաշինյանի առաջարկը, այլ ոչ թե սակարկությունների տեղ թողնել։ ԲՀԿ ղեկավարը, մինչդեռ, մեր տեղեկություններով, ստեղծված իրավիճակի լուծումը պատկերացնում է արտահերթ ընտրությունների ճանապարհով»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է որպես մեղադրյալ: Այդ մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Հանուն Հադրութի» շարժման անդամները շարունակում են բողոքի ցույցերն ու երթերը՝ պահանջելով Հադրութի ազատագրումը, որը իրենց հնարավորություն կտա վերադառնալու իրենց շեները և ապրելու բնականոն կյանքով: Շարժման անդամները երթեր են կազմակերպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, դեսպանատների մոտ՝ ներկայացնելով իրենց պահանջները: «Մեր քայլերը միտված են լինելու Արցախի պետականության ամրապնդմանը: Մեր հիմնական նպատակը Հադրութի ազատագրումը և վերադարձն է մայր հայրենիքի գիրկը»,- ասել է «Հանուն Հադրութի» նախաձեռնության անդամ Լևոն Հայրյանը»: