Բաղրամյան պողոտայում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվել էր այն բանից հետո, երբ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։
Վարչապետն այս հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ և դիմել է նախագահին ՝ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու առաջարկով։ Նախագահը վարչապետի միջնորդությունը չի ստորագրել և առարկություններով վերադարձրել է։ Փաշինյանը երկրորդ անգամ է ուղարկել նախագահին։
Նախագահը մարտի 3-ին հանդես է եկել հերթական հայտարարությամբ, որում հայտնել է, որ որոշում է կայացրել չստորագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանին ազատելու մասին հրամանագրի նախագիծը: Միաժամանակ, Արմեն Սարգսյանը հայտնել է, որ ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով ՝ ինքն առանձին դիմումով կդիմի Սահմանադրական դատարան: