Եթե Նիկոլ Փաշինյանն անկեղծ է և ստեղծված իրավիճակից ելք է տեսնում միայն արտահերթ ընտրությունների միջոցով, ապա թող հենց հիմա գա ու հրաժարական տա։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Հայրենիքի փրկության շարժումը իշխանությունների հետ կարող է քննարկել միայն մեկ հարց՝ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: Մենք պատրաստ ենք ցանկացած պահի հանդիպել Փաշինյանի հետ` քննարկելու նրա հրաժարականի ճանապարհային քարտեզը:
Եթե վարչապետը ընտրություններ է ուզում, դա ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի հետ կապված չէ։ Նա ունի խորհրդարանական մեծամասնություն։ Եթե կարծում է, որ այդ կուսակցությունը մեկ այլ թեկնածուի օգտին կքվեարկի, ապա էլ ինչո՞ւ է մնացել, թող հրաժարական տա։ Տեսնելով, որ ընդդիմադիր շարժումը վերելքի մեջ է, նա ձգտում է փոխել օրակարգը և ներգրավել մեզ բոլորովին անիմաստ քննարկումների մեջ:
Եթե Փաշինյանն անկեղծ է իր կոչերում, թող հենց հիմա գա խորհրդարան և նշանակի արտահերթ ընտրություններ»,- ասաց Սաղաթելյանը: