Նշելով Կանանց միջազգային օրը `ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարներն այսօր ընդգծել են, որ կանայք կարևոր դեր են խաղում ԵԱՀԿ տարածքում խաղաղության հաստատման և հակամարտությունների կանխարգելման գործում ու կարևոր դեր են խաղացել նաև COVID-19 համաճարակի դեմ պայքարում. այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԱՀԿ-ն:
«Կանանց և աղջիկների տնտեսական իրավունքների և հնարավորությունների ընդլայնումն անհրաժեշտ է որոշումների կայացման գործընթացում նրանց նշանակալի և իրավահավասար մասնակցության համար, այդ թվում՝ հակամարտությունների լուծման և խաղաղության հաստատման գործում: Կանանց առաջնորդության խրախուսումը կարևոր հանգամանք է, երբ ձգտում ենք ընդլայնել կանանց և աղջիկների լիարժեք և արդյունավետ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում: ԵԱՀԿ-ն կոչված է կարևոր դեր խաղալ մեր հասարակություններում կանանց առաջնորդության ամրապնդման ջանքերում»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն:
ԵԱՀԿ պաշտոնատար անձինք ընդգծել են, որ «գենդերային հավասարությունը նախապայման է համընդհանուր խաղաղության, կայուն տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման համար»: