«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ցանկացել է բանակը դուրս հանել փողոց, անգամ նման հրաման է տվել ԳՇ հայտարարությանը հաջորդած հանրահավաքներից մեկի օրը, որպեսզի բանակը մտնի Երևան, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել։ Մեզ հասած տեղեկություններով՝ հատկապես «տանկվի պոլկն» է շատ հստակ հրաժարվել ենթարկվել հրամանին, որից հետո Գասպարյանը հասկացել է, որ դա անիրատեսական քայլ է, և որ իր ու մի քանի գեներալների քաղաքական քայլը աջակցություն չունի բանակի կողմից»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է որպես մեղադրյալ: Անդրանիկ Մակարյանն այն չորս զինվորականներից մեկն է, որոնք չեն միացել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի եւ մյուս զինվորականների հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու: Թե կոնկրետ ինչ է արել Մակարյանը, որ հայտնվել է մեղադրյալի աթոռին, մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Մակարյանը 60-ից ավել քանակությամբ զորքին կոնկրետ առաջադրանք է տվել, որ կատարեն պատերազմի ժամանակ, ինչի հետեւանքով 60-հոգանոց զորքի զգալի մասը անհետ կորել է, եւ մինչ օրս հայտնի չէ, թե ուր են, իսկ մի մասն էլ փախել է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղի է ունենալու վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը։ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած 2 թեկնածուները: Հիշեցնենք, որ Ազգային ժողովն անցած շաբաթ դեմարշ արեց Վարդազարյանի նկատմամբ եւ չընտրեց վճռաբեկ դատարանի դատավոր»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ներքաղաքական իրադարձությունների կիզակետում ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և տասնյակ այլ բարձրաստիճան սպաների հայտնի հայտարարությունն է, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը առանձին հանդիպումներում, այդ թվում՝ զինվորական շրջանակների հետ, խոստացել է հրաժարական տալ մարտի 9-ին կամ 10-ին, որից հետո պետք է կազմակերպվեն արտահերթ ընտրություններ։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը փաստացի վստահեցրել է, թե մարտի 9-ին, երբ Օնիկ Գասպարյանի պաշտոնից հեռացման որոշումը կմտնի ուժի մեջ, և երբ, ըստ էության, ինքը բանակից վտանգ չի տեսնի, հրաժարական կտա ու մայիսին կանցկացնի արտահերթ ընտրություն»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ «Իմ քայլի» ծաղկաձորյան հավաքի ժամանակ, երբ որոշվեց, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ չկա, մեր տեղեկություններով, պատգամավոր Հովիկ Աղազարյանը հորդորել է թիմակիցներին՝ զարգացման նոր նախաձեռնություններով հանդես գալ, աշխուժացնել հետպատերազմական կյանքը եւ տեղում օրինակ է ծառայել՝ ներկայացնելով իր առաջարկը։ Այն է՝ Սեւանում օդանավակայան կառուցել եւ զարկ տալ տուրիզմին»։