Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ռազմավարական խնդիրները քննարկելու նպատակով: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, փոխմարզպետները և պաշտոնատար այլ անձինք:
Անցնելով օրակարգային հարցերին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշել է, որ հաջող և որակի խիստ պահպանմամբ իրականացվում են պետություն-համայնք մասնակցությամբ սուբվենցիոն ծրագրերը:
Նա նշել է, որ մարզում առաջնահերթություն է տրվում զբոսաշրջության, գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներին: Գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրերն արդյունավետ իրականացվում են, նախորդ տարի համայնքները համալրվել են 60-ից ավելի տեխնիկական միջոցներով: Աճ է նկատվում անասնապահության ոլորտում. միայն Արծվանիստ համայնքում իրականացվում է 15 մլրդ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր` ֆերմերային խոշոր տնտեսություն հիմնելու նպատակով:
Մարզն ունի 181 հազար հա արոտավայր, որից չի օգտագործվում 124 հազար հա-ն:
Զեկուցվել է, որ մարզում 98 հա կաթիլային ոռոգմամբ այգիներ են հիմնվել, ինտենսիվ այգիների ծավալը գնալով ավելանում է:
Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվում է արոտների ջրարբիացման ծրագիրը, որի շրջանակում այս տարի մարզում նախատեսվում է արոտավայրերում կառուցել 2 կմ ջրագիծ, 4 խմոցի, բարելավել ճանապարհները:
Մարզպետը տեղեկացրել է, որ պատերազմից հետո Գեղարքունիքի մարզում դեռևս շարունակում են մնալ 1700 արցախցիներ:
Խորհրդակցությունից հետո վարչապետը հանդիպել է Գավառի կենտրոնական հրապարակում հավաքված քաղաքացիներին, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել հարցերին։
Անդրադառնալով անվտանգային միջավայրին` 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը Արայիկ Հարությունյանը զեկուցել է, որ բանակային կորպուսն անվտանգության ապահովման խնդիրը հաջող իրականացնում է, իսկ առաջիկա կարևորագույն խնդիրն է առաջնագծի ենթակառուցվածքների բարելավումն ու ինժեներական աշխատանքների իրականացումը: Զեկուցվել է, որ առաջնագծում իրավիճակը հանգիստ է և գտնվում է լիարժեք վերահսկողության ներքո: