«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր երեկոյան «Դվին» հյուրանոցային համալիրում մի խումբ ուժեր ազդարարելու են իրենց համատեղ քաղաքական գործունեության մեկնարկը։ Բնականաբար, «Դվինի» սեփականատեր Արտակ Թովմասյանը, ում կմիանան նաեւ Հայահավաք անողները՝ Արշակ Զաքարյան, Արագած Ախոյան, սահմանադրագետ Վարդան Այվազյան, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյան եւ ուրիշներ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներհայաստանյան գործընթացները խոսում են այն մասին, որ երկրում քաղաքական խոր ճգնաժամ է, ընդ որում, փորձագետների համոզմամբ, ճգնաժամ պարբերաբար այս կամ այն ոլորտում (եւ ընդհանրապես) հրահրում է հենց Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս՝ բանակի դեմ իրականացվող քայլերին զուգահեռ՝ ընդդիմությունը շարունակում է փողոցային խաղաղ պայքարը: Իրավիճակը հանգուցալուծում չի ստանում։ Մայրաքաղաքում ընթացող զանգվածային միջոցառումներին ուշիուշով հետեւում են ՀՀում գործող բոլոր օտարերկրյա դեսպանատները: Ավելին, մեր տեղեկություններով, բոլոր դեսպանատներում, այսպես կոչված, «համար 1» է տրված, որպեսզի կտրուկ շրջադարձերի դեպքում ստեղծված իրավիճակի մասին պատշաճ զեկուցվի ղեկավարությանը, նաեւ ընդհանուր պատկերի վերաբերյալ համապատասխան գնահատական տրվի ու դիրքորոշում արտահայտվի»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած փետրվարի 25-ից Հայաստանը փոթորկվեց գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանի եւ 40 բարձրաստիճան զինվորականների հայտարարությունից, որով նրանք պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն դրանից 13 օր անց Փաշինյանին հաջողվեց խորհրդակցություն անցկացնել բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ եւ հենց այդ ժամանակ էլ ներկայացնել շտաբի պետի նոր թեկնածուին: Փաշինյանը չսպասեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արտակ Դավթյանին գլխավոր շտաբի պետ նշանակեր կամ մերժեր այդ միջնորդությունը եռօրյա ժամկետում. նա ներկայացրեց ԳՇ պետի իր թեկնածուին, բայց առայժմ՝ մինչ նախագահի կողմից նրան նշանակելը կամ մերժելը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, քանի որ առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն ազատված է պաշտոնից, թեեւ դատարանում վիճարկում է հրամանագիրը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռ չի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, եւ չեն քննարկել արտահերթ ընտրությունների հարցը, սակայն, մեր տեղեկություններով, նրանց միջեւ միջնորդավորված երկխոսություն է ընթանում: Ծառուկյանը համաձայն է արտահերթ ընտրություններին եւ հնարավոր է մոտ օրերս հայտարարի, որ թեեւ հուշագիր չի ստորագրում, բայց խոստանում է թեկնածու չառաջադրել, երբ Փաշինյանը հրաժարական տա։ Ի դեպ, երեկ իշխող ուժը խորհրդարան էր ներկայացրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որից տպավորություն է, որ իշխանությունը պատրաստվում է ընտրությունների»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 9-ի գիշերը Վազգեն Մանուկյանի կոչը՝ շրջափակել ԱԺ մուտքերը, պարզվում է, անակնկալ է եղել Հայրենիքի փրկության շարժման որոշ անդամների համար։ Այն համաձայնեցված չի եղել մյուսների հետ, նրանք զարմացել են, բայց ստիպված են եղել իրականացնել նրա կոչը։ Երեկ Վազգեն Մանուկյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ սպոնտան է եղել կոչը։ Երբ հարցրինք՝ թիմակիցները տեղյակ եղե՞լ են, որ ինքը նման կոչով պիտի հանդես գա, նա դժվարությամբ ասաց՝ այո։ Իսկ երբ նկատեցինք, որ այդքան էլ վստահ չասաց «այո»-ն, Մանուկյանն արձագանքեց․ «Որովհետեւ լրիվ որոշում չէր»։ Այսինքն՝ սպոնտա՞ն էր։ «Ե՛վ այն, ե՛ւ այն»։ Ի դեպ, հաստատեց նաեւ, որ կոչից հետո ողջ գիշերը չի մնացել՝ ինչ-որ պահից գնացել է տուն՝ հանգստանալու»։