ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը տեղյակ չէ Փաշինյան- Ծառուկյան հնարավոր հանդիպման մասին։ Նա Armenia Today-ի հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ է այս մասին լսում։
Արման Աբովյանը նաև նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերի վերաբերյալ առայժմ որոշում չի կայացրել: Նրա խոսքով՝ դեռևս քննարկում չի եղել։
«Հայրենիքի փրկության շարժում»-ն էլ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերի վերաբերյալ քննարկում դեռ չի արել:
Հավելենք, որ նախագահի առաջարկին դեռ միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է արձագանքել։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ընդունել է նախագահի հրավերը։ Մենք չկարողացանք կապ հաստատել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ՝ պարզելու՝ նախագահի հրավերը վարչապետն ընդունելո՞ւ է, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը երկրում առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով նախօրեին վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին մարտի 13-ին, ժ. 12:00-ին հրավիրել է հանդիպման։