ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծին: Բագրատյանն առաջարկում էր ընդլայնել ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունը։
Պատգամավորը նաև առաջարկում էր դրույթ սահմանել, ըստ որի խմբակցությունները հնարավորություն են ստանում հանձնաժողով հրավիրված Կառավարության առանձին անդամի չներկայանալու և բացատրություններ չտալու դեպքում գրավոր հարցապնդմամբ դիմել գործադիրին։ Անհրաժեշտության դեպքում ընդունել Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշում:
«Սա հնարավորություն կտա խմբակցություններին քննիչ հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ կառավարության անդամին անվստահություն հայտնելու՝ իր պարտականությունները չկատարելու, քննիչ հանձնաժողովի նիստին չմասնակցելու հիմնավորմամբ»,- նշեց պատգամավորը։
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, թե քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնյաների դեպքում գործ ունենք քաղաքական պատասխանատվության հետ: Ըստ նրա՝ ԱԺ քննիչ հանձնաժողովների կայացման խնդիր կա, բայց ներկայացված նախագիծը չի լուծում այդ հարցը:
«Քաղաքացին, ընտրողը պետք է որոշեն՝ այդ մարդն իրոք այն մարդն է, որ պետք է իրեն ներկայացնի կառավարությունում, խորհրդարանում կամ այլ մարմնում: Եվ քաղաքական պատասխանատվությունը քաղաքական թիմի համար կարևոր է»,- նշեց նա։
«Իմ քայլից» Սուրեն Գրիգորյանն էլ նկատեց, որ այն, ինչ նախագծով առաջարկվում է ամրագրել որպես քննիչ հանձնաժողովի իրավունք, ոչ ֆորմալ առումով հանձնաժողովը կարող է իրականացնել: