Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության ու սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին նախագիծը։
«Զինվորական ծառայության ժամանակ վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձինք կարող են առերեսվել նոր իրականությանը, երբ տարբեր միջավայրային և անհատական գործոնների համակցության հետևանքով կարող են չունենալ ինքնուրույնության և անկախ կյանք վարելու կարողություն»,-նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ նպատակը հաշմանդամություն ունեցող զինվորների խնդիրները նվազագույնի հասցնելն է։
«Մշակվել են ծրագրեր՝ ուղղված զինվորական հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման և անկախ կյանքի բարելավմանը։ Առկա իրավիճակում պետության առաջ ծառացած առաջնահերթ խնդիրներից է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման ապահովումը՝ սոցիալական, կրթական, մշակութային և տնտեսական ծրագրերի և միջոցառումների ամբողջության միջոցով։ Նախատեսվում է անկախ կյանքի կենտրոններ ստեղծել, որտեղ ծառայություններ կմատուցվեն պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց։ Կլինի նաև անձնական օգնականի ծառայություն, ինչպես նաև կարիերայի պլանավորման ծառայություններ։ Այդ կենտրոնները սկզբնական փուլում նախատեսվում է ստեղծել 6 մարզերում»,-ասաց նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարից հետաքրքրվեց պրոթեզավորման գործընթացի մասին։ Ի պատասխան՝ Մ․ Առաքելյանը նշեց, որ առաջին փուլն արդեն ամփոփել են։
«Կարիքների համալիր գնահատում է իրականացվել։ Կառավարության որոշման համաձայն՝ կարիքների գնահատման մեջ որդեգրել էինք մի սկզբունք, որ որևէ գնային սահմանափակում չի ինելու։ Յուրաքանչյուր անձ կունենա այն պրոթեզը, որի կարիքն ունի»,-ասաց նախարարը։
Արձագանքելով՝ վարչապետը հավելեց․ «Պրոթեզավորման կարիք ունեցող մեր զինվորներին ապահովելու ենք ժամանակակից, բարձրորակ պրոթեզներով»։