«Հայաստանն ու Ռուսաստանը պահպանում են համագործակցության բարձր մակարդակը բոլոր ոլորտներում՝ քաղաքական, առևտրային, տնտեսական, հումանիտար և, իհարկե, անվտանգության ոլորտում»:
Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ «Հայ-ռուսական ռազմավարական միության արդի խնդիրները՝ ժամանակակից սպառնալիքների ու մարտահրավերների համատեքստում» թեմայով կլոր սեղանի ժամանակ:
«Անցյալ աշնան ողբերգական իրադարձությունների ժամանակ Ռուսաստանը սերտ համագործակցում էր Հայաստանի հետ՝ ամենաբարձր մակարդակով: Հսկայական ջանքերի գնով հնարավոր եղավ դադարեցնել ռազմական գործողությունները և սկիզբ դնել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման համար շատ դժվար ու կարևոր աշխատանքի»,- նշել է ռուս դիվանագետը:
Դեսպանի խոսքով, այս իրադարձությունները կարևորեցին երկրների միջև վստահությունը՝ որպես նրանց անվտանգության կարևոր գործոն, ինչպես նաև ինտեգրման գործընթացներն էլ ավելի խորացնելու անհրաժեշտություն: Ներկայում Լեռնային Ղարաբաղում աշխատանքներ են տարվում՝ այս տարածաշրջանը վերականգնելու, ռազմական գործողությունների հետևանքները հաղթահարելու ուղղությամբ, և Ռուսաստանը դրանում շատ մեծ ջանքեր է ներդնում, ասել է Կոպիրկինը:
«Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումն ու տնտեսական համագործակցության համար պայմանների ստեղծումը կարևոր նախապայման է այս տարածաշրջանի երկարաժամկետ անվտանգության համար»,- շեշտել է դեսպանը: