ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման որոշմանը հասել ենք դժվարությամբ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Մենք բերել ենք լուծում, լուծումն արտահերթ ընտրություններն են: Հիմա փորձել այս լուծումն ապականել տարատեսակ մեկնաբանություններո՞վ, սա շա՞տ ավելի վատ բան է, քան ընդհանրապես լուծում չլիներ: Կա լուծում, եկեք այս լուծման ուղղությամբ աշխատենք: Ասում են՝ կկեղծեն, եկեք պահենք՝ չկեղծեն»,- նկատեց նա։
Մարուքյանի կարծիքով՝ եթե ընտրակաշառք բաժանվի, իշխանությունները պետք է ամեն ինչ անեն նրանց ձերբակալելու, կալանավորելու, դատապարտելու համար: «Պետք է իշխանությունն ամեն ինչ անի, որ ադմինիստրատիվ ռեսուրս ինքը չկիրառի: Բազմաթիվ պարտավորություններ ունի իշխանությունը: Ընդդիմությունն էլ այդ ամբողք գործընթացը հսկելու, հասարակությանը տեղեկացնելու լիազորություններ ունի»,- ասաց նա:
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքին՝ նա նշեց, որ այս փուլում հնարավոր չեն համարում Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի գալը։
ԼՀԿ նախագահը նաև հայտնեց, որ արտահերթ ընտրությունների օրը հայտարարելուց հետո գնալով կթուլանա քաղաքական լարվածությունը:
«Վաղ թե ուշ հիմնական դերակատար ուժերը կմասնակցեն ընտրություններին, այդ թվում՝ նրանք, ովքեր բացառում էին այս իշխանությունների օրոք կազմակերպված ընտրությունները: Տեսնում եք, որ նրանք հերթով ասում են, որ կմասնակցեն: Քաղաքականություն է»,- ասաց Մարուքյանը: Նրա խոսքով՝ ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու հնարավորություն է ստեղծվել: «Ինչո՞ւ պետք է ընդդիմադիր ուժը չմասնակցի»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու խորհրդարանական արտահերթ ընտրություններ։