Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արագածոտնի մարզում է: Համայնքային այցերի շրջանակում նա հանդիպում-քննարկումներ է անցկացնում մարզի բնակիչների հետ:
Վարչապետն այցելել է Նոր Եդեսիա համայնք։ Խոսելով մարզում կուտակված խնդիրների մասին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ մարզում վարելահողերի մեծ մասն անմշակ է մնացել, քանի որ ոռոգման ջուր չկա:
Ըստ Փաշինյանի՝ այս խնդիրներն արդյունքն են այն ամենի, որ 30 տարվա ընթացքում այդ ուղղությամբ ոչինչ չի արվել:
Նա ընդգծել է՝ հիմա շատ կարևոր է, որ կոնկրետ հարցերի պատասխաններ տրվեն:
«Այս ծանր ճգնաժամը լավ առիթ է մտածելու մեր անցած ճանապարհի մասին՝ ի՞նչ ենք արել 30 տարվա ընթացքում: Այդ ճանապարհի առանձնահատկություններից մեկն էլ եղել է այն, որ ժողովուրդը և նրա իրավունքն օտարված են եղել, և ժողովրդի իրավունքն օտարվել է ԼՂ հարցի շահարկումով և ԼՂՀ հարցի խաղարկումով: Շատ կարևոր է հասկանալ, թե մենք 30 տարվա որ հատվածում ենք ջանքեր գործադրել, որպեսզի հզոր բանակ ունենանք, որ հատվածում ջանք չենք գործադրել, և այդ ջանքերն այլ խնդիրների լուծմանն են ուղղված եղել»,- նկատեց գործադիրի ղեկավարը:
Փաշինյանի խոսքերով՝ այն ուժերը, որոնք Ղարաբաղի հարցի շահարկումով ժողովրդին օտարել են իշխանությունից, հիմա էլ այդ մարդիկ փորձում են նույն պատմությունը կրկնել:
Նիկոլ Փաշինյանն ասել է՝ եկել է հավաստիացնելու, որ դա նրանց թույլ չեն տալու:
Հիշեցնենք, որ վարչապետն Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է մի շարք համայնքներ: