ՀՀ ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Օրինագծի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն է:
ԼՀԿ-ն առաջարկում էր նախագծով սահմանել, որ զինծառայությունից արձակվող ու ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց:
Տարոն Սիմոնյանն ասաց, որ կառավարությունը 3 ամիս ժամանակ ուներ օրենքում փոփոխություն կատարելու համար, բայց ոչինչ չի արել:
«Նախաձեռնություն բերեցինք, որպեսզի դրույթը փոխվի: Տրամաբանությունը նրանում է, որ թույլ տան այդ իրավունքից օգտվեն նաև զինծառայողները: Բայց գլխադասային հանձնաժողովը մերժեց մեր նախաձեռնությունը, թեև ընդունում էր, որ կարգավորումը հակասահմանդրական է: Առաջարկվեց մեկ ամսով հետաձգել: Չենք համաձայնել: Սա անհետաձգելի որոշում է: Այնպես որ դրական քվերակեք՝ չնայած՝ ում ինչ եմ ասում», – նշեց պատգամավորը։