«Իմ քայլը» հակված է համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրությունների գնալուն։ Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նրա խոսքով՝ այս պահին քննարկումներ են ընթանում:
Ի պատասխան հարցին, թե հնարավո՞ր է՝ Ընտրական օրենսգրքում միայն համամասնականին վերաբերող դրույթը փոխվի, Մակունցը նշեց, թե ոչինչ չի բացառվում: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ Ընտրական օրենսգրքի քննարկումներով պայմանավորված՝ ընտրության օրը կփոխվի։ Նա նաև հայտնեց, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին ով է գլխավորելու ցուցակը:
«Կարծում եմ՝ ցուցակը գլխավորելու վերաբերյալ հարցի պատասխանն ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը: Իսկ ցուցակի մասին քննարկումներ ու հրապարակումներ անելը դեռ վաղ է»,- նշեց նա։
Դիտարկմանը, թե Փաշինյանը վարկաբեկված անձ է համարվում, նրա գլխավորությամբ ընտրությունների գնալը սխալ չէ՞, չկա՞ որևէ մեկը, որը կարող է փոխարինել նրան, Մակունցը չպատասխանեց, փոխարենը կոչ արեց վիրավորական մեկնաբանություններով հարցեր չուղղել և դադարեցրեց ճեպազրույցը:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։