ԱԺ-ն արդեն երրորդ անգամ քննարկում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների առաջարկած «Ռազմական դրությունը վերացնելու մասին» որոշման նախագիծ ընդունելու մասին հարցը:
Հարցով հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց՝ առաջարկը մի քանի անգամ տապալվել է։ Ըստ նրա՝ հիմա մեր երկրում այլ իրողություններ են։
«Ռազմական դրության իրականությունը սահմանափակում է ընդդիմության իրավունքները, սահմանափակում է երկրում ժողովրդավարությունը»,- մատնանշեց նա։
Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ երկրում լարվածությունը գնալով թուլանում է, և անհրաժեշտ է ռազմական դրությունը հանել և լծվել մեր երկրի խնդիրների լուծմանը։
Ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա նկատեց, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու պարագայում, միևնույն է, ռազմական դրությունը պետք է չեղարկել, ուստի առաջարկեց ընդառաջ գնալ ընդդիմությանը և վաղն առավոտյան կողմ քվեարկել ռազմական դրության չեղարկմանը՝ թեկուզ 5-7 օր ավելի շուտ: