ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
ԼՀԿ-ն առաջարկում է պայմանագրային զինվորական ծառայության համար նախատեսված տարիքային շեմը բարձրացնել։
Գործող օրենսդրությամբ պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավվելու, ծառայելու հնարավորություն չկա մի դեպքում՝ 45-ից հետո, մյուս դեպքում՝ 40-ից հետո: Խորհրդարանական խմբակցությունն առաջարկում է այդ շեմը բարձրացնել մինչև 63 տարեկանը:
Էդմոն Մարուքյանը պարզաբանեց, որ պատերազմից անմիջապես հետո խնդիր ունենք բանակը համալրելու ավելի շատ պայմանագրային զինծառայողներով։
Նրա խոսքով՝ այդ առաջարկությունն իրեն արել են Գորիսի և Կապանի բնակիչները։
«Օրինակ՝ ասվել է, որ մեր առաջարկած 63 տարեկան շեմն ավելի բարձր է: Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած տարիքային շեմ, որը բարձր է 45-ից. օրինակ՝ դարձնել 55 կամ 58, բայց տալ հնարավորություն այն մարդկանց, որոնք պատերազմի մասնակից են և սահմանամերձ գյուղերում կարող են ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության մեջ և աշխատավարձ ստանալ, պաշտպանել իրենց համայնքը»,- նկատեց նա։
Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը և ընդգրկվել ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։