Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը:
Գործող օրենսդրությամբ պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավվելու, ծառայելու հնարավորություն չկա մի դեպքում՝ 45 տարեկանից հետո, մյուս դեպքում՝ 40-ից հետո: ԼՀԿ-ն առաջարկում է այդ շեմը բարձրացնել մինչև 63 տարեկանը, սակայն, պատրաստ է քննարկել նաև առաջարկած շեմը իջեցնելու հարցը:
Հիշեցնենք՝ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը պարզաբանեց, որ պատերազմից անմիջապես հետո խնդիր ունենք բանակը համալրելու ավելի շատ պայմանագրային զինծառայողներով։ Նրա խոսքով՝ այդ առաջարկությունն իրեն արել են Գորիսի և Կապանի բնակիչները։
«Օրինակ՝ ասվել է, որ մեր առաջարկած 63 տարեկան շեմն ավելի բարձր է: Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած տարիքային շեմ, որը բարձր է 45-ից. օրինակ՝ դարձնել 55 կամ 58, բայց տալ հնարավորություն այն մարդկանց, որոնք պատերազմի մասնակից են և սահմանամերձ գյուղերում կարող են ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության մեջ ու աշխատավարձ ստանալ, պաշտպանել իրենց համայնքը»,- ասել էր նա։