«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին եռյակը հայտնի է: Ըստ կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրի՝ ցուցակը, բնականաբար, կգլխավորի կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Երկրորդը կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն է, իսկ երրորդը ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավաբանների է հրավիրել իր մոտ եւ փորձել է հասկանալ, թե ինչ ձեւով կարող են պաշտպանել Հակոբ Արշակյանին եւ այնպես անել, որ նրա լիազորությունները չդադարեցվեն, սակայն նրան զեկուցել են, որ այլ տարբերակ չկա, եւ Հակոբ Արշակյանի լիազորությունները պետք է դադարեցվեն մինչեւ գործի քննության ավարտը»:
«Իրավունք» թերթը գրում է. «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, Ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը զգուշացնում է, որ ժամանակին Թուրքիան էր համարվում ամբողջ աշխարհի գաղտնի հատուկ ծառայությունների հավաքակայանը, հետագայում այն տեղափոխվեց Լիբիա, ապա Սիրիա, իսկ սիրիական պատերազմից հետո՝ Հայաստան: Նրանց նպատակն էր ոչնչացնել տեղական հատուկ ծառայությունները, ինչը և արվեց: Արդյունքում հիմա մեզ մոտ հատուկ ծառայությունները հիմնականում զբաղված են տնտեսական հանցագործություններ բացահայտելով և կատարում են պատվերներ, իսկ Ազգային անվտանգության ապահովումը բացակայում է»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Զինված ուժերի գլխավոր շտաբում արշալույսները դեռեւս խաղաղ չեն: Բանն այն է, որ, դատարանի որոշման հիման վրա, Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը միացած 40 գեներալներից շատերը տարբեր խոսակցությունների ժամանակ կարծիք են հայտնել, թե ՊՆ-ում այդպես շարունակվել չի կարող, եւ միգուցե առաջիկայում հրաժարականների շքերթ լինի: Միեւնույն ժամանակ գեներալների մի մասն էլ ասել է, թե այլեւս այլընտրանք չկա, պետք է իրենք մնան եւ շարունակեն իրենց ծառայությունը՝ հանուն հայրենիքի եւ բանակի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ իշխանությունն իր համար սոցհարցումներ է իրականացրել եւ պարզել, որ ռեյտինգային ընտրակարգով լավագույն դեպքում 22-24 տոկոս ձայն է հավաքելու, քանի որ չունի հեղինակավոր թեկնածուներ, որոնք կկարողանան մարզերում չկողմնորոշված 42 տոկոս էլեկտորատին մոտիվացնել հօգուտ իշխանության։ Փոխարենը՝ համամասնական ընտրակարգի դեպքում 35-37 տոկոս տանելու հավանականություն կա։ Եվ որպեսզի ընտրությունից հետո այդ 35-ը դառնա 50+1, Նիկոլ Փաշինյանը փորձում է մի քանի դաշինք ձեւավորել, որոնք առանձին կմասնակցեն ընտրապայքարին, իսկ ընտրություններից հետո «Իմ քայլի» հետ կոալիցիա կձեւավորեն»։