«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է իր առանձին ցուցակով։ ԲՀԿ-ի ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը։ Այս մասին Աժ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Ինչ վերաբերում է ընտրակարգին, ապա, ըստ Զոհրաբյանի, խաղի կանոնները սահմանել են իշխանությունները։
Նա նշեց, որ իրենց համար առաջնահերթ խնդիրը ներքաղաքական լարվածության հանգուցալուծումն է, որի միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ ընտրություններն են:
ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ իրենց համար շատ ավելի կարևոր է, որ այդ ընտրությունները լինեն ազատ և արդար, ինչպես նաև վարչական ռեսուրս չկիրառվի։ Այս հարցում, սակայն, պատգամավորն արդեն իսկ բողոքներ է ստացել։
««Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներից արդեն ահազանգեր կան, որոնք վկայում են վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման մասին։ Իսկ ընտրակարգի վերաբերյալ էլ նշեմ, որ իշխանությունն ունի բացարձակ մեծամասնություն։ Իրենք էլ կարող են ձայների մեծամասնությամբ որոշել՝ ինչ ընտրակարգով գնալ ընտրությունների»,- նկատեց նա։
Զոհրաբյանը հայտնեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությանը կմասնակցեն այն ընտրակարգով, որը խորհրդարանական մեծամասնությունը կընդունի։ Միևնույն ժամանակ նա հավաստիացրեց, որ իրենք իրենց ընտրողների քվեն կստանան ցանկացած ընտրակարգով։
Նաիրա Զոհրաբյանը հույս հայտնեց, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջև համաձայնություն կձևավորվի, որպեսզի վերահսկեն ընտրական գործընթացը՝ թույլ չտալով վարչական ռեսուրսի կիրառում։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընտրության կգնան համամասնական ընտրակարգով՝ հրաժարվելով ռեյտինգայինից։
Մանրամասները՝ տեսանյութում․