ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իշխանական Ալեն Սիմոնյանի ներկայացրած «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ» կատարելու նախագիծը համարում է աննախադեպ խայտառակ օրինագիծ։
ԱԺ ճեպազրույցների ժամին նա հայտարարեց, որ այդ օրինագիծն ավելի շատ ուղղված է Հայաստանում ազատ խոսքը լռեցնելուն։
«Եթե իշխանությունները ցանկանում են Հայաստանում վերացնել վիրավորանքը, զրպարտանքը, ատելության խոսքը, հայհոյանքը, ապա դա Նիկոլ Փաշինյանից պահանջելու է ընդամենը 2 րոպե ժամանակ. փակվում է իշխանական ֆեյք ինդուստրիան, և դուք կտեսնեք, որ Հայաստանում շնչելը կլինի շատ ավելի ազատ, կվերանա ատելության խոսքը»,- նկատեց պատգամավորը և հավելեց, որ ընդունված նախագիծը պրեսինգ է քաղաքական գործիչների և քաղաքացիների վրա։
Իր դիտարկումները Նաիրա Զոհրաբյանն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով, ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատարին և բազմաթիվ լրագրողական և իրավական կազմակերպությունների։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ» կատարելու մասին նախագիծը, որով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով զրպարտության համար տուգանքը սահմանվեց մինչև 6 մլն դրամ, իսկ վիրավորանքի համար՝ մինչև 2 մլն դրամ փոխհատուցում։