Հայ ժողովուրդը, որը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, թերևս ամենալավն է գիտակցում խաղաղության գինը։ Մենք թշնամիներ չենք փնտրում։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին ասաց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի հարցին, թե Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացներ կա՞ն:
Նա հիշեցրեց, որ անկախացումից ի վեր ՀՀ-ն տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
«Իսկապես ազնիվ և առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մեր նախաձեռնությունը չփոխադարձվեց Անկարայի կողմից։ Որպեսզի իրապես մեր տարածաշրջանում խաղաղություն լինի, մենք ակնկալում ենք, որ Թուրքիան լուրջ արմատական փոփոխությունների կենթարկի ՀՀ-ի հանդեպ իր արգրեսիվ քաղաքականությունը և կվերացնի թշնամական գործողությունները»,- նշեց նախարարը։
Ըստ նրա՝ ԱԳՆ-ն տեղյակ չէ որևէ ձևաչափի մասին, որում կարող են տեղի ունենալ խորհրդակցություններ պաշտոնական Անկարայի հետ։
«Պատմության մեջ շատ են եղել դեպքեր, երբ երկար ժամանակ ծանր ողբերգական անցյալ ունեցող երկրներն ի վերջո գտել են քաղաքական կամք և հասկացել են բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու անհրաժեշտությունը։
Հուսով եմ, որ Թուրքիան այդ գիտակցմանը վաղ թե ուշ կգա։ Այնպես որ, ես չեմ կարծում, որ Թուրքիան երբեք չի փոխի հայատյացության իր կեցվածքը», -եզրափակեց Այվազյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ պետք է շտկումներ մտցնել Թուրքիայի հանդեպ Երևանի մոտեցումներում։
Ի դեպ, մարզային այցելությունների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ տարածաշրջանում ինչքան մենք ենք թշնամի համարում, այդքան մեզ են թշնամի համարում, և մեր կեցվածքը պետք է փոխենք։