ԱԳ նախարար Արա Այվազյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում 2020 թվականի Կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելիս անդրադարձավ պատերազմից հետո Հայաստանի որդեգրած քաղաքականությանն ու մոտեցումներին:
Ըստ նախարարի՝ այդ մոտեցումները ենթադրում են Արցախի կարգավիճակի որոշում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա։
Արա Այվազյանի խոսքով՝ հայկական կողմի համար առաջնահերթությունների շարքում են Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան, տեղահանված բնակչության անվտանգ ու արժանապատիվ վերադարձն իրենց բնակավայրեր, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը։ Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նաև Արցախում հումանիտար իրավիճակի հասցեագրումը միջազգային գործընկերներին։
«Անհապաղ լուծում պահանջող հումանիտար խնդիրների շարքում է ադրբեջանական կողմի պատանդառության մեջ գտնվող հայ գերիների անհապաղ, անվտանգ հայրենադարձությունը»,- նշեց նախարարը:
Արա Այվազյանն ասաց նաև՝ եթե Արցախը լինի Ադրբեջանի կազմում, նշանակում է՝ Արցախը կլինի առանց հայության։