«168 ժամ» թերթը գրում է. «Արցախյան երկրորդ պատերազմից եւ Զոհրաբ Մնացականյանի հրաժարականից հետո՝ մասնավորապես 2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակված Արա Այվազյանը մոտ ժամանակներս հրաժեշտ կտա այդ պաշտոնին: Թերթի փոխանցմամբ՝ նրան կփոխարինի ՀՀ ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը:
Մեր տեղեկություններով՝ լրջագույն քաղաքական տարաձայնություններ կան Արա Այվազյանի եւ ՀՀ իշխանությունների՝ մասնավորապես՝ նրանց վարած քաղաքականության, դրա իրականացման մշակույթի միջեւ: Իշխանական տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, հաճախ են ՀՀ ԱԳ նախարարի հետ չհամաձայնեցված կամ ՀՀ արտաքին պաշտոնական քաղաքականությանը հակասող հայտարարություններով հանդես գալիս, որոնք հետագայում խնդիր են դառնում դիվանագիտական կորպուսի համար»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունների նշանակման ժամկետները, այնքան իշխանության ներսում միասնականությունը խարխլվում է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս օրերին փորձում է իր շրջապատը համալրել բացառապես հավատարիմներով, նրան ուղեկցում են ընտրված մարդիկ։ Ընտրացուցակն էլ բավականին սեղմվել է, նույնիսկ այսօրվա շատ պատգամավորներ արդեն նախատեսված չեն ցուցակում։ Շատերը հրաժեշտ կտան խորհրդարանին ընդմիշտ, գուցե գործազուրկ մնան, որոշները գործադիրում ավելի ցածր կարգավիճակով աշխատանք կունենան։ Կուսակցական վերնախավն արդեն սկսել է թաղերով ու համայնքներով շտաբի պետերի փնտրտուքը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի հերթական նախընտրական այցն էր Արմավիրի մարզ․ այցելել էր Արագած, Մյասնիկյան, Ալաշկերտ, Նալբանդյան եւ Արտաշար համայնքներ: Իշխող թիմը դասեր է քաղել Արագածոտնի անհաջող այցից, եւ Արմավիր են մեկնել մի քանի տասնյակ մեքենաներով, մարդկանցով, որպեսզի «մասովկայի» խնդիր չունենան։ Չնայած դրան, այստեղ այցելությունն անամպ չի անցել։
Մեզ պատմեցին, որ Զարթոնք գյուղում մի խումբ երիտասարդներ գյուղի մուտքի մոտ հավաքվել են, աղմկել, ազդանշաններ տվել, եւ վարչապետի շարասյունը նախընտրել է գյուղ չմտնել՝ միանգամից ուղեւորվել են գյուղի գերեզմանատուն, որը գյուղից կտրված տարածքում է։ Մեզ հետ զրույցում Զարթոնքի համայնքապետը հաստատեց լուրը, որ կառավարական հյուրերն ուղիղ գերեզմանոց են գնացել՝ առանց գյուղ մտնելու։ Բայց ասաց, որ պատճառն այն է, որ ուշ ժամ էր, այլ ոչ թե երիտասարդների բարձրացրած աղմուկը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք պարբերաբար ստանում ենք տեղեկություններ, որ մարզային մի շարք դպրոցներում չկան որոշ առարկաների ուսուցիչներ։ Ընդհուպ, առանձին դեպքերում երեխաներն ավարտում են դպրոցը՝ առանց տվյալ առարկան ուսումնասիրելու: «Փաստ» օրաթերթը դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ խնդրելով պատասխանել՝ կա՞ն կոնկրետ հաշվարկներ, թե մարզային դպրոցներում որ առարկաների ուսուցիչների պակաս կա։
Նախարարությունից մեր հարցմանը պատասխանել են, որ 2021 թվականի հունվար ամսվա դրությամբ հանրապետության 9 մարզի 101 դպրոցում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության պատճառով։ «Չդասավանդվող առարկաների թիվը 18 է, իսկ նախնական հաշվարկներով առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք»,- նշված է պատասխանում՝ հավելելով, որ այս թվերն անընդհատ փոփոխվում են»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը դեռ չի մեկնարկել, սակայն իշխանությունը լայն թափով սկսել է այն: Կիրակի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ միասին Արմավիրի մարզում էր: Սակայն ուշագրավ է, որ այցի ժամանակ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն վարչական ռեսուրս են կիրառել, այլ նաեւ նպաստում են կորոնավիրուսի թվի աճին:
Զավեշտալի է, որ Արմավիրի մարզի յոթ գյուղերում լինելուց, մարդկանց ձեռքով բարեւելուց, գրկելուց հետո Փաշինյանն անցկացրել է Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ձվի շուկան վերահսկողությունից դուրս է եկել. շուկայում մի քանի խաղացողներ գերշահույթ ստանալու նպատակով հակամրցակցային քայլերի են դիմել: Սա է պատճառը, որ խանութներում ոչ միայն ձվի գինն է գերազանցել 100, նույնիսկ 110 դրամը, այլեւ արհեստական դեֆիցիտ է առաջացել: Բացի այս, օրեր առաջ որոշ անձինք, սուպերմարկետներից արկղերով ձու գնելով, պահեստավորել են իրենց ավտոտնակներում, որպեսզի Զատիկին այն թանկ գնով վաճառեն: Այս խնդիրը լուծելու նպատակով խանութներում տնտեսվարողներն այս օրերին հրաժարվում են 15-ից ավել ձու վաճառել մեկ անձին»: