Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության
խորհրդի հերթական նիստը: Վարչապետի ելույթը ԱԽ նիստում․
«Բարեւ ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք Անվտանգության խորհրդի հերթական նիստի աշխատանքները։
Հայտնի իրադարձությունների բերումով անվտանգային միջավայրը էական փոփոխություններ է կրել Հայաստանի եւ Արցախի շուրջ, եւ մենք պետք է շարունակաբար գնահատենք այն նոր մարտահրավերները եւ հնարավորությունները, որոնք ունենք այս իրավիճակում։ Պետք է կարողանանք գնահատել Հայաստանի դիրքը, դիրքորոշումը եւ մոտեցումը նոր մարտահրավերներին, ինչպես ենք դիմակայելու նոր մարտահրավերներին, եւ ինչ հնարավորություններ կան, որոնք պետք է օգտագործվեն Հայաստանի եւ Արցախի կայուն եւ բնականոն զարգացման համար։
Իհարկե Հայաստանի տեւական շրջափակումը Հայաստանի Հանրապետությունը որոշակիորեն օտարել է տարածաշրջանից, եւ մենք օրինակ մեր ռազմավարական գործընկերոջ հետ ցամաքային ընդամենը մեկ ճանապարհ, ունենք, որը ունի սեզոնային բնույթ եւ մեծապես կախված է եղանակային պայմաններից, ինչն իր հերթին բերում է բազմաթիվ մարտահրավերներ, այդ թվում եւ անվտանգային։ Մենք պետք է այս նոր իրավիճակում կարողանանք գնահատել այն հնարավորությունները, որ կա Հայաստանի շրջափակումը վերացնելու առումով, մյուս կողմից պետք է արձանագրենք, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի կենսական շահերի հաշվին։ Ընդհակառակը, մենք պետք է այս գործընթացում կարողանանք լիարժեք պահպանել եւ պաշտպանել մեր երկրի շահերը, Արցախի շահերը, իհարկե նաեւ պատրաստ լինելով որոշակի համագործակցային տրամաբանության։
Մենք ըստ էության նույնպիսի տրանսպորտային սահմանափակումներ ունենք մեր մյուս հարեւանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, եւ այսօր մենք կքննարկենք եւ գործնականում որոշում կկայացնենք Հյուսիս-հարավ մայրուղին Սյունիքի հատվածում շինարարությունը սկսելու վերաբերյալ։ Ինչը, կարծում եմ, նույնպես շատ կարեւոր եւ ռազմավարական որոշում է, եւ ընդհանրապես կոմունիկացիաների բացումը մեր այսօրվա քննարկման կարեւորագույն թեմաներից է լինելու։ Հարցը էական է եւ ուշագրավ, բայց ինքնին ունի բազմաթիվ նրբություններ, եւ այդ բոլոր նրբությունները մենք պետք է հաշվի առնենք։ Բայց մեր տրամադրվածությունը պետք է լինի այն, որ մենք պիտի ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության շահերից։ Պիտի ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք կապահովեն երկարատեւ կայուն զարգացումը Հայաստանի Հանրապետության, եւ նաեւ ինչ-որ առումով տարածաշրջանի երկարատեւ եւ կայուն զարգացումը եւս մեր պատասխանատվության ոլորտում է։
Այնպես որ, ես այսօր մեզ հաջող եւ արդյունավետ քննարկում եմ մաղթում»։