«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի ցուցումով այսօրվանից ԲՀԿ-ականները՝ խմբերի բաժանված, մարզային «նախընտրական» այցելություններ կունենան: Գրաֆիկը հագեցած է, գրեթե ամեն օր այց է նախատեսվում։ Այսօր ԲՀԿ-ականներից ձեւավորված խմբերը կլինեն Արմավիրում, յուրաքանչյուրը մի քանի համայնք կայցելի, իսկ օրվա վերջում «շեֆին» ամփոփ տեղեկատվություն կփոխանցեն։ Հաջորդ օրը Արագածոտնի հերթն է, եւ այսպես կլինեն բոլոր մարզերում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդների միջեւ խոր տարաձայնությունները դեռ շարունակում են տարբեր դրսեւորումներ ունենալ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր մտերիմների մոտ հայտարարել է, որ չի ցանկանում որեւէ ձեւով աջակցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցում:
Ըստ մեր տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը նեղ շրջապատում հայտնել է, որ նպատակ ունի ընտրությունների ժամանակ աջակցել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին, եւ ասել է՝ բոյկոտելու ենք ընտրությունները, մենք 4-5 պատգամավորական մանդատ ստանալու համար չենք լեգիտիմացնի կապիտուլյանտին»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղյակ չեն ո՛չ այն մասին, թե ինչ օրենսգրքով ենք գնալու ընտրությունների, ո՛չ ընտրությունների ժամկետի մասին։ Ընտրություններ կազմակերպող մարմինն այդ ամենի մասին իմանում է մամուլից։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրինք․ «Ձեզ համար անակնկա՞լ էին արտահերթ ընտրությունների որոշումը եւ վարչապետի հայտարարությունը»։ Պատասխանեց․ «Արտահերթ կամ հերթական ընտրությունները նշանակվում են նախագահի հրամանագրով։ Հենց նշանակվում են, մեր գործառույթները նոր մեկնարկում են»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմն առաջիկայում պատրաստվում է պատվիրակություն ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մոտ: Բանն այն է, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը կարծես թե գլխացավանք է դարձել իշխող թիմի համար, եւ իշխանությունները ելքեր են փնտրում: Մեր նախորդ հրապարակումներից մեկում գրել էինք, որ իշխանությունները որոշել են՝ ոչ թե պետք է ամբողջապես փոխել Ընտրական օրենսգիրքը, այլ բավարարվել միայն վարկանիշային ընտրակարգը հանելով եւ հունիսի 20-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ պարզ համամասնական համակարգով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը նկատելիորեն կրճատել է վստահելիների շրջանակը: Մեր տեղեկություններով՝ վերջին շրջանում նա իր թիմից 2 հոգու է անվերապահ վստահում՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին եւ նախարար Սուրեն Պապիկյանին։
Վստահելիների մեջ են նաեւ աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն ու խորհրդական Արայիկ Հարությունյանը, «Իմ քայլից» Արփի Դավոյանի, Հակոբ Սիմիդյանի ու Հայկ Սարգսյանի միջոցով էլ խմբակցությունն է կառավարում»։
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանությունների հարցազրույցները վերջին շրջանում մշտապես աչքի են ընկնում խիստ քննադատություններով: Իսկ պատճառը դրանցում հնչած հակապետական, հակահայկական ձևակերպումներն են կամ արտահայտված մտքերը, որոնք, ցավոք, դուրս են գալիս իշխող կուսակցության կարկառուն դեմքերի շուրթերից: Այդպիսին էր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի վերջին հարցազրույցներից մեկը, որը, ցավոք, չունեցավ սթափեցնող ոչ մի քայլ, փոխարենը օրերս էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն է ականջին չհավատալու հայտարարություններ արել»: