Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքին, որում նա անդրադարձել է բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ Արցախյան խնդրին ու պատերազմին:
«Ինձ թվում է՝ միշտ էլ կարելի էր Արցախյան խնդրի լուծման ուղիներ գտնել՝ առանց ռազմական գործողությունների։ Չէ՞ որ, այնուամենայնիվ, Արցախյան առաջին պատերազմից հետո ԵԱՀԿ-ում գոյություն ուներ մի կազմակերպություն, որը դրանով զբաղվում էր՝ Մինսկի խումբը և երեք համանախագահները», – ասել է Սարգսյանը։
Նախագահի խոսքով՝ եղել է շփման, երկխոսության մեխանիզմ։ «Բայց եթե նայենք մեր տեսանկյունից, թե որոնք էին մեր սխալները, ապա դրանցից մեկը, հավանաբար, այն էր, որ մենք սկսեցինք հավատալ այն ամենին, ինչին ուզում էինք հավատալ, կամ երազում էինք։ Մեզ թվաց, որ պատերազմն արդեն ավարտված է, հարցն արդեն լուծված է։ Սակայն, այն լուծված չէր, առավել ևս, որ ադրբեջանական կողմն անընդհատ խոսում էր ապագա պատերազմի մասին», – ասել է նախագահը։
Նա նշել է, որ այս պայմաններում անհրաժեշտ էին քայլեր Ղարաբաղի պաշտպանունակությունն ուժեղացնելու, ավելի ժամանակակից բանակ ստեղծելու ուղղությամբ, պետք էր Հայաստանն ու Ղարաբաղը տնտեսապես զարգացնել, լուծել առկա ժողովրդագրական խնդիրները։
Ի դեպ, ՀՀ նախագահն անդրադարձել է նաև սփյուռքի դերին, ասելով.
«Հայաստանի առաքելությունը պետք է հստակորեն ուղղված լինի դեպի ապագա, դեպի լավ, ուժեղ ապագա։ Այս իմաստով Սփյուռքն ունի մեծ դեր։ Այս իրավիճակում ես կարող եմ այն պայմանական բաժանել երկու սփյուռքների, մեկը ռուսական սփյուռքն է, որն ամենամեծն ու մոտն է, և մյուսը՝ ընդհանրապես համաշխարհային սփյուռքը։ Մենք պետք է Սփյուռքի և Հայաստանի միջև եղած բոլոր բեռլինյան պատերը քանդենք, որ ցանկացած մարդ, որն իր հայրենիքին կամ իր նախնիների հայրենիքին ծառայելու ցանկություն ունի, կարողանա գալ այստեղ և սկսի աշխատել»,-նշել է Արմեն Սարգսյանը։