«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրը փոխանցում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը հրաժարական է տալու: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանը հայտարարելու է, որ հեռանում է քաղաքականությունից ու որևէ ձեւով չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին:
Մենք տեղեկացանք, որ նախօրեին իր թիմի հետ վարչապետը հանդիպում է ունեցել, որտեղ հստակ ասել է, որ իր վրա հույս չպետք է դնել, քանի որ ինքը չի ցանկանում այլեւս որեւէ քաղաքական գործընթացում մասնակցություն ունենալ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները փորձել են համոզել Փաշինյանին, սակայն վերջինս անդրդվելի է մնացել: Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել նաեւ հայտնել, թե ինչ է պատրաստվում անել առաջիկայում։
«Հրապարակ»-ը գրում է.
«ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն ու նրա գործընկերները որոշել են նախաձեռնությամբ հանդես գալ՝ ձևավորել հասարակական կազմակերպություն, որտեղ ընդգրկված կլինեն ԱԱԾ նախկին տնօրեններ, բարձրաստիճան սպաներ։ Առաջիկայում նաև ասուլիսով հանդես կգան՝ ներկայացնելու ստեղծման նպատակներն ու մասնակիցներին։
Համբարձումյանը թերթի հետ զրույցում չցանկացավ շատ փակագծեր բացել, միայն ասաց․ «Նախաձեռնության նպատակը մեր կոլեգաների ներուժն ի նպաստ մեր հայրենիքի ռացիոնալ օգտագործելն է»։ Իսկ քաղաքական ուղղվածություն ունենալո՞ւ է նախաձեռնությունը, կարո՞ղ է հետո քաղաքականություն մուտք գործեն։ Համբարձումյանն ասաց․ «Ոչ։ Հիմա բոլորը քաղաքականության մեջ են»։ Նախաձեռնության մեջ, ամեն դեպքում, հազիվ թե լինեն ԱԱԾ այն նախկին տնօրենները։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս մի հատկանշական իրադարձություն է տեղի ունեցել, որը տարօրինակ կերպով դուրս է մնացել մեր հանրության ուշադրությունից: Վարչական դատարանի որոշմամբ առաջին անգամ Երևանի պատմության մեջ կասեցվել է Երևանի ավագանու որոշումը, որը վերաբերում է աշխատակազմի կառուցվածքային փոփոխություններին: Առաջին հայացքից աննշան թվացող այս դեպքը իրականում հետաքրքիր շերտեր ունի: Չնայած այն հանգամանքին, որ փոփոխություններն առնչվում են Կենտրոն վարչական շրջանի 35 աշխատակիցների, նրանցից 5-ն են դիմել վարչական դատարան ընդդեմ ավագանու, այսինքն՝ պատասխանող է հանդիսանում Երևանի ավագանին: Ավագանու որոշումը վարչական ակտ չէ, եւ եթե նույնիսկ դատական վիճարկման խնդիր կար, ապա դա պետք է քննվեր այլ դատարանում, այլ կազմով, բայց հայցատուները դիմել են վարչական դատարան, իսկ վարչական դատարանը, ավագանու որոշումը կամայականորեն համարելով վարչական ակտ եւ վարույթ ընդունելով, կասեցրել է ավագանու որոշման իրականացումը:
Սա, ըստ իրավաբանների, այնքան ակնհայտ ապօրինություն է, որ հարցը հիմա քննարկվում է և՛ արդարադատության նախարարության կողմից, և՛ ԲԴԽ -ում: Արդյո՞ք սա ինչ-որ պատահական թյուրիմացություն է: Պարզվում է՝ ոչ: Մեր աղբուրները պնդում են, որ մինչ դատարանի վարույթ ընդունելը հետաքրքիր հանդիպում է տեղի ունեցել Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի, Կենտրոն վ/շ քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանի, Կենտրոն վ/շ ֆինանսական բաժնի նախկին պետ, ներկայիս ՊՎԾ աշխատակից Տիգրան Քանքանյանի եւ վարույթ ընդունած դատավոր Հրաչ Այվազյանի միջեւ: Հանդիպումը տեղի է ունեցել Վիկտոր Մնացականյանի կաբինետում, որն այժմ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենն է: Այդ հանդիպումից մի քանի օր հետո դատավոր Այվազյանի գրչի մեկ հարվածով սույն հայցադիմումը վարույթ է ընդունվում եւ ավագանու որոշման իրականացումը կասեցվում է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մարտի 25-ի 5 նախագահների հանդիպման ժամանակ որոշվել է գոնե երկու նախագահների միավորմամբ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այսինքն՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում դաշինք են կազմելու: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ քննարկվում է այդ դաշինքում ներառել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին: Այսինքն՝ առաջիկա օրերին Քոչարյան-Տեր-Պետրոսյան-Ծառուկյան-Հայրիկյան քառյակ դաշինքի պաշտոնական հանդիպումը կլինի, որի ժամանակ էլ կհայտարարվի միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու հայտը:
Մանրամասները՝ թերթերի ասյօրվա համարներում։