ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 2016 թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հինգերորդ տարելիցի կապակցությամբ, որում ասված է․
«Հինգ տարի առաջ՝ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական իշխանությունները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման հանձնառությունը՝ լայնածավալ ռազմական հարձակում սանձազերծեցին Արցախի դեմ՝ փորձելով ուժի կիրառման միջոցով լուծել ղարաբաղյան հակամարտությունը:
Հարձակողական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կանխամտածված թիրախավորում էին նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները: Արցախի դեմ քառօրյա պատերազմն ուղեկցվում էր Արցախի զինծառայողների և քաղաքացիական անձանց դաժան սպանություններով, խոշտանգումներով, ինչպես նաև զոհվածների մարմինների անարգմամբ:
Ազգային ատելության հիմքով այդ հանցագործություններն իրագործողները հետագայում պարգևատրվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից` ամենաբարձր մակարդակով»,-ասված է հայտարարությունում: