Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները բազմաբնույթ և փոխլրացնող են և չեն սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ փոխգործակցությամբ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայկական «Նովոյե Վրեմյա» թերթին տված հարցազրույցում:
Ըստ նրա՝ Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 29-րդ տարեդարձի մոտենալուն:
«1992 թվականի ապրիլի 3-ին մեր երկրները նոր էջ բացեցին դարավոր բարեկամական փոխշահավետ հարաբերությունների պատմության մեջ: Տարիներ շարունակ ռուս-հայկական համագործակցությունը ձեռք է բերել իսկապես դաշնակցային բնույթ, առանձնանում է քաղաքական երկխոսության բարձր ինտենսիվությամբ, փոխգործակցության ոլորտների լայն շրջանակով:
Կարևոր դեր է խաղում 1997 թվականի օգոստոսի 29-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիրը, համաձայն որի՝ Ռուսաստանը և Հայաստանը պարտավորվում են միմյանց տրամադրել անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական, կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունքի իրացման ընթացքում նրանցից մեկի վրա զինված հարձակման դեպքում՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի:
Ռուսաստանի Դաշնության ակտիվ միջնորդական ջանքերի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցության շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի 44-օրյա զինված դիմակայությունը: 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին ընդունվեց երեք պետությունների ղեկավարների հայտարարությունը, որը հնարավորություն տվեց դադարեցնել արյունահեղությունը և սկսել շարժվել դեպի խաղաղություն», – նշեց ՌԴ փոխարտգործնախարարը:
Նա հայտարարել է, որ տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորումը և մարդասիրական արձագանքման կենտրոնը անվտանգության և կայունության երաշխավորներն են և իրականացնում են առաջադրանքներ, որոնք կենսական նշանակություն ունեն տեղի բնակչության համար: Ռուսաստանի Դաշնության կողմից Լեռնային Ղարաբաղում զոհերի ընտանիքներին ուղղակի ֆինանսական օգնությունը ներկայումս կազմում է շուրջ 15 միլիոն ԱՄՆ դոլար: