Այսօր արդեն ակնհայտ է, որ մենք պատերազմներից դասեր չենք քաղում։ Այս մասին Եռաբլուրի պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Ամեն պատերազմից հետո, որպես պետություն, խելքերս գլուխներս չենք հավաքում, և մեր ներքին տնային աշխատանքը լավ չենք անում։ Այստեղ է խնդիրը։ Մեր երկրին օդ ու ջրի պես համերաշխություն է պետք»,- ասաց Մարուքյանը։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների շտկման մասին վերջերս պետական մակարդակով արված հայտարարություններին, ապա Մարուքյանը կարծում է, որ այս ժամանակահատվածում ոչ բարեկամությունից պետք է խոսել, ոչ էլ թշնամանք քարոզել։
«Հայաստանը երբեք սահման չի փակել, Հայաստանի սահմաններն են միակողմանի փակել։ Մինչև ՀՀ տնտեսությունը պատրաստ չլինի նման իրավիճակի, մենք չենք կարող այդպիսի քայլի գնալ։
Այսինքն՝ մեր օրենսդրությունը պետք է հստակ նախապատրատել սահմանների բացմանը։ Այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը «կուչ ու հուփ» եկած քաղաքականություն է։ Մեր արտաքին քաղաքականության տապալման արդյունք է, որ պատերազմը սկսվել է»,- ասաց պատգամավորը։