«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը անձամբ է գլխավորելու իր կողմից ստեղծվելիք նախընտրական դաշինքի ցուցակը: Երկրորդը ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն է, իսկ երրորդը նախկին ՀՀԿ-ական, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը: Ցուցակում կլինեն նաև ներկա և նախկին կարկառուն ԲՀԿ-ականներ, ովքեր կմիանան Քոչարյանի թիմին՝ հայտարարելով, որ դեմ են Ծառուկյանի կողմից իրականացվող երկիմաստ քաղաքականությանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» ցուցակը կազմելիս ակնհայտորեն ծագելու է կին թեկնածուների խնդիր՝ նախորդ ցուցակում ընդգրկված կանանց մեծ մասն այլեւս «Իմ քայլի» հետ չէ։ Ի դեպ, կանայք ավելի սկզբունքային գտնվեցին եւ, ի տարբերություն տղամարդկանց, պատերազմից հետո իրենց վերաբերմունքը բացահայտ արտահայտեցին։ Ցուցակում չեն լինի Նարինե Թուխիկյանը, Թագուհի Թովմասյանը, Գայանե Աբրահամյանը, Զարուհի Բաթոյանը, իսկ Անուշ Բեղլոյանին եւ Լուսինե Բադալյանին Փաշինյանն ինքը չի վերցնի՝ տարբեր սկանդալային պատմությունների պատճառով։ Փոխարենը կշահի Լոռվա մարզից ընտրված Արփի Դավոյանը, որը նախորդ ցուցակում 48-րդն էր, այս անգամ նրա ջանքերը կգնահատվեն, եւ նրան առաջ կտանեն»։
«168 ժամ» թերթը գրում է. «Վերջին օրերին ՌԴ-ն ակտիվացրել է շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ տարբեր մակարդակներում: Գուցե դա պայմանավորված է եռակողմ ապաշրջափակման բանակցություններում առանցքային հանգրվանով կամ թյուրքալեզու երկրների խորհրդում Ադրբեջանի նախագահի համարձակ հայտարարություններով, պարզ կդառնա առաջիկայում: Հերթական ուշագրավ եւ խոսուն դրվագը, որը ցույց է տալիս Պուտինի, Կրեմլի վերաբերմունքը հայաստանյան իշխանության նկատմամբ, Պուտինի հեռախոսազրույցներն են Փաշինյանի ու Ալիեւի հետ: Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մարտի 26-ին, իսկ Պուտին-Ալիեւ զրույցը՝ ապրիլի 1-ին, ըստ երեւույթին, ռուսական կողմի նախաձեռնությամբ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական բյուջեի եկամուտները 2021 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով գերակատարվել են ավելի քան 22,6 միլիարդ դրամով: Տնտեսագետներն արդեն իսկ թերահավատ են նշյալ ցուցանիշի առումով: Սակայն հայտարարվածը խնդրահարույց ու կասկածելի է համարվում նաեւ ժամկետների առումով:
Մասնագետները տարակուսում են, թե ինչպես է հնարավոր եռամսյակային տվյալներ հրապարակել հաջորդ եռամսյակի առաջին իսկ օրը, եթե մարտի հաշվետվություններն ու ցուցանիշները ՎԿ ու ՊԵԿ պետք է ներկայացվեն ապրիլի ընթացքում: Պատահական չէ, որ տնտեսագետներից ոմանք այս հայտարարությունը «տեղավորեցին» ապրիլի 1-ի խորհուրդի ներքո»: