Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել «Ազատագրում» շարժման 6 ակտիվիստի, որոնք հրաժարվել են ապամոնտաժել Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանը: Այս մասին հաղորդում է շարժման ֆեյսբուքյան էջը:
«Ոստիկանությունը ուժ գործադրելով բերման ենթարկեց «Ազատագրում» շարժման վեց անդամների, այդ թվում ՝ մեկ աղջկա», – ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ «այլևս ոչ ոք չի խանգարում Դեմիրճյան փողոցի ապաշրջափակմանը»: Հաղորդագրության համաձայն՝ բերման ենթարկված քաղաքացիները տարվել են ոստիկանության Արաբկիրի և Մաշտոցի բաժիններ:
Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցները ակտիվիստներին 20 րոպե ժամանակ են տվել վրանը ապամոնտաժելու համար՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում բերման կենթարկեն, սակայն շարժման անդամները հրաժարվել են հեռանալ Դեմիրճյան փողոցից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ընդդիմադիր «Հայրենիքի փրկոության շարժումը» հայտարարել էր, որ դադարեցնում է Դեմիրճյան փողոցի արգելափակումը: